H1N1 տեսակի գրիպից մահվան 18 դեպք է գրանցվել. նախարար
Կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անդրադարձել է գրիպի տարածման ներկա վիճակին և դպրոցական արձակուրդների հնարավոր երկարաձգման հարցը:«Արձակուրդների երկարաձգման հարցը դեռևս քննարկվում է: Մենք մինչև ուրբաթ օրը կնայենք մեր ընդհանուր ցուցանիշները և անհրաժեշտության դեպքում նոր հանդես կգանք առաջարկով: Այս պահի դեռ որոշում չունենք»,-նշեց նախարարը: «Բարելավում է նկատվում: Մեր հիվանդների մոտ 99 տոկոսը ապաքինված, առանց որևէ առողջական խնդրի՝ դուրս են գրվում, և այցելությունների ընթացքում բարելավում է նկատվում պոլիկլինիկական ցանցում: Ինչ վերաբերում է դպրոցներում դասերին, այդ հարցն այժմ մշտադիտարկվում է՝ հաշվի առնելով, որ մենք մինչև ուրբաթ օրը դեռևս կնայենք մեր ընդհանուր ցուցանիշները և անհրաժեշտության դեպքում միայն հանդես կգանք առաջարկով»,- ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ խոսելով սուր շնչառական վարակների վիճակի մասին: Նա ասաց, որ «Տամիֆլյու» դեղամիջոցը միշտ եղել է հիվանդանոցային ցանցում, իսկ հունվարի 13-ից՝ արդեն նաև պոլիկլինիկական ցանցում, տրվել է անվճար. «Չկա որևէ հիվանդ, ով կարիք է ունեցել և չի ստացել»: Արմեն Մուրադյանն ասաց, որ այս պահին ևս կա դեղամիջոցի համապատասխան պաշար, որն ըստ անհրաժեշտության՝ կարող են տրամադրել: Նա նշեց, որ մինչ այս պահը H1N1 տեսակի գրիպից մահվան 18 դեպք է գրանցվել: Անդրադառնալով սուր շնչառական հիվանդությունների ներկա վիճակին, Արմեն Մուրադյանը նշեց, որ այս պահին թոքաբորբով հիվանդ է 7 մարդ, 124 հղիներից բժիշկների հսկողության տակ են գտնվում 94-ը, սուր շնչառական վարակներով 1230 դեպքերից 982-ն են գտնվում բժիշկների հսկողության ներքո: Երեխաների թիվը ևս նվազել է 170-ով: Մեծամասնությունը բուժումը ստանում է պոլիկլինիկաներում, նվազել են նաև շտապօգնության կանչերը:
