Թեհրանն ու Բեռլինը մոտ դիրքորոշումներ ունեն տարածաշրջանային հարցերում
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտնել է, որ Թեհրանն ու Բեռլինը տարածաշրջանային հարցերում շատ մոտ դիրքորոշումներ ունեն եւ կիսում են Մերձավոր Արեւելքում խաղաղության պահպանման անհրաժեշտության վերաբերյալ դիրքորոշումը: Ինչպես հաղորդում է Iran.ru պորտալը, նման հայտարարություն Զարիֆն արել է Բեռլինում՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ: Մասնավորապես՝ հաղորդվում է, որ Զարիֆը Շտայնմայերի հետ հանդիպմանը նշել է, որ Իրանը հստակ դիրքորոշում ունի ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ պայքարի գործում եւ կոչ է անում դիվանագիտական ուղիներ գտնել՝ այդ արատավոր երեւույթների դեմ համաշխարհային արշավ սկսելու համար: Նաեւ՝ հաղորդվում է, որ Զարիֆը Շտայնմայերին փոխանցել է, որ Թեհրանը ցանկանում է չորս քննարկումներ անցկացնել Իրաքում, Սիրիայում, Եմենում, Բահրեյնում եւ Լիբանանում առկա հակամարտությունների վերաբերյալ Գերմանիայի եւ Եվրամիության հետ:
