Հրամանատարներն էլ են մոլորված. 19-ամյա զինվորի ծնողները չեն հավատում իրենց որդու դաժան «ինքնասպանության» վարկածին (տեսանյութ)
Զինծառայող Կամո Մարտիրոսյանի մահվան դեպքի առթիվ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջացառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել 5 զինծառայողի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Նախնական քննության տվյալներով՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կամո Մարտիրոսյանը 14.03.2016 թվականին` ժամը 16:00-ի սահմաններում, իր ծառայության վայրում իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգով ինքն իրեն ստորին ծնոտի շրջանից պատճառել է միջանցիկ մահացու հրազենային վիրավորում: Դեպքի առթիվ նույն օրը Քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննություն կատարելու համար ստեղծվել է քննչական խումբ, իրականացվել մեծածավալ քննչական գործողություններ: Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, մարտական հենակետում ծառայության նշանակված բոլոր զինծառայողներին ամրակցված զենք-զինամթերքի զննում, կատարվել են առգրավումներ: Քրեական գործով էական հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, մասնավորապես՝ դիակի դատաբժշկական փորձաքննություն, դատաձգաբանական, դատակենսաբանական, դատահամակարգչատեխնիկական, դատաձգաբանական և դատահետքաբանական (մատնադրոշմային) համալիր փորձաքննություն: Հարցաքննվել են մի շարք անձինք: Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ դեպքին նախորդած ժամանակահատածում զինծառայող Կ.Մարտիրոսյանին պարբերաբար վիրավորանք է հասցվել համածառայակիցների կողմից՝ տարբեր պատճառներով հնչեցվել հայհոյանքներ, վիրավորական այլ արտահայտություններ։ Բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել են հանցագործության այլ դրվագներ ևս։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա 5 զինծառայողի, որոնցից 4-ը՝ պարտադիր ժամկետային, իսկ 1-ը՝ պայմանագրային, առաջադրվել են մեղադրանքներ։ 2 ժամեկտային զինծառայողի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով (Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին վիրավորանք հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից), 2 ժամկետային զինծառայողի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադասի (ենթակայի) կողմից պետի (հրամանատարի), ինչպես նաև՝ պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ)։ Պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտին մեղադրանք է ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով, 365-րդ հոդվածի 1-ին մասով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) և 375-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը)։ Նախաքննությունը շարունակվում է: Ուշագրավ այլ մանրամասներ՝ տեսանյութում 1in.am
