Եթե չգործենք, ավելի շատ զանգվածային սպանություններ կտեսնենք. Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Օռլանդոյի գիշերային ակումբում հրաձգության զոհերի հարազատների և տուժածների հետ հանդիպումից հետո կոչ է արել ներդնել զենքի շրջանառության վերահսկողության միջոցներ: Այս մասին հայտնում է Reuters-ը: «Եթե մենք չգործենք, ավելի շատ զանգվածային սպանություններ կտեսնենք՝ այս մեկի նման (նկատի ունի արյունահեղությունը Օռլանդոյի գեյ-ակումբում), քանի որ մենք ենք ընտրում՝ դրանք թույլ կտա՞նք տեղի ունենալ, թե՞ ոչ»,- ասել է Օբաման: Նրա խոսքով՝ զանգվածային սպանությունները կարող են շարունակվել այն դեպքում, եթե ԱՄՆ-ը զենքի կիրառությամբ տանը հասունացած ահաբեկչության և բռնության վերահսկողության ուղղությամբ միջոցներ չձեռնարկի: ԱՄՆ նախագահը նաև ամերիկացի քաղաքական գործիչներին մեղադրել է զենքի լոբբիի մեջ: «Մեր քաղաքական գործիչները կարծես դավադրություն են մշակել՝ահաբեկչի կամ պարզապես անհավասարակշիռ անձի համար հեշտացնելով չափազանց հզոր զենքի գնումը, ընդ որում՝ նրանք դա կարող են օրինական հիմունքներով անել»,- ասել է Օբաման:
