Քննարկել են «սառեցված հարաբերությունները»
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հունիսի 16-ին կայացած հանդիպմանը չեն անդրադարձել պատժամիջոցների քննարկմանը, որպես այդպիսին։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։ «Որպես այդպիսին, պատժամիջոցները չեն քննարկվել»,- ասել է Պեսկովը։ Նա հավելել է, որ «քննարկվել է իրավիճակը, երբ փաստացի մենք հայտնվել ենք Ռուսաստանի և ԵՄ-ի միջև սառեցված հարաբերությունների պայմաններում»։ «Առավել ևս հիմա, երբ մենք կարող ենք վստահաբար խոսել այն մասին, որ սկսվել է ռուսական տնտեսության հարմարվելու բավականին արագ գործընթաց գոյություն ունեցող փոխադարձ պատժամիջոցների պայմաններին, այդ թեման այլևս մեր օրակարգի հարցը չէ»,- հայտարարել է Պեսկովը։ Պեսկովի խոսքով՝ Պուտինը պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում երեկ բազմիցս կրկնել է իր գործընկերներին, որ Ռուսաստանը շահագրգռված է փոխշահավետ համագործակցությամբ, գործընկերներ է փնտրում արտերկրում և պատրաստ է նրանց համար Ռուսաստանում ստեղծել բիզնեսի վարման չափազանց հարմարավետ պայմաններ։
