Մահացել է Օֆելյա Համբարձումյանը
Այսօր առավոտյան 91 տարեկանում մահացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանը: Օֆելա Համբարձումյանը ծնվել է 1925 թ. հունվարի 9-ին: Դեռ վաղ տարիքից մասնակցել է պիոներ-դպրոցականների քաղաքային պալատի ժողովրդական նվագարանների անսամբլի աշխատանքներին` իր զրնգուն ձայնով գերելով ունկնդիրներին։ Ականավոր երգչուհի Արաքսյա Գյուլզադյանը պատմում էր, որ առաջիններից մեկը ինքն է լսել շնորհալի դպրոցականին, մոտեցել ու գովեստի խոսքեր հղել, իսկ հետո էլ հորդորել է ստանալ երաժշտական կրթություն և ոտք դնել երգի արհեստավարժ բնագավառ։ Ապագա երգչուհին սովորել և ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանն ու հրավիրվել ռադոյի ժողովրդական նվագարանների անսամբլ` մի ամբողջ կյանք ապրելով այստեղ, մի ամբողջ կյանք նվիրելով Արամ Մերանգուլյանի գլխավորած անսամբլին, որը միշտ հավատարիմ մնաց հայ աշուղական, ժողովրդական երգարվեստին, նպաստեց կոմպոզիտորական երգի ստեղծմանն ու տարածմանը։1944 թվականից՝ հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհի էր։ Երգացանկն ընդգրկում է հիմնականում հայ ժողովրդական, գուսանական և աշուղական, ինչպես նաև՝ կոմպոզիտորական երգեր։ Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները` "Ես կանչում եմ լալային", «Չկա քիզի նման» և այլն։ Երգել է Ֆարհադի, Միսկին Բուրջիի, Ջիվանու, Շերամի երգերը։ Նրա ստեղծագործական թռիչքները կապակցվեցին աշուղներ Հավասու, Աշոտի և Շահենի ստեղծագործություններին, որոնցից շատերի առաջին կատարողն ինքը եղավ` իր կատարումներն ուղեցույց դարձնելով բոլորի երգիչ-երգչուհիների համար։ Աշուղ Աշոտը խոստովանել է, որ «Օջախում» , «Դու ծաղկավառ Զանգեզուրի» և մի շարք այլ երգեր հորինել է հատկապես Օֆելյա Համբարձումյանի համար։ Շահենն էլ իր «Էլինար» պոեմն է գրել Օֆելյա Համբարձումյանի համար` ամեն ինչ կառուցելով երգչուհու ձայնական յուրահատկությունների վրա։ Շատ երգչուհիներ և անգամ երգիչներ կատարեցին «Օջախում» երգը, սակայն Համբարձումյանի կատարումը մնաց անգերազանցելի։ Անգերազանցելի մնացին նաև Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա գրված մի շարք երգերի կատարումներ, որոնցում ակնառու դարձավ բանաստեղծական սյուժեի ներքին ողբերգականությունը: Համերգներով հանդես է եկել ԱՊՀ քաղաքներում, արտասահմանյան հայաբնակ վայրերում (Լիբանան, Սիրիա, Եգիպտոս, Ֆրանսիա, ԱՄՆ)։ 21-րդ դարում բեմում այլևս հանդես չի եկել։ 2011 թ. հայ երգարվեստում ունեցած մեծագույն ծառայությունների համար արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի: Նախորդ տարի հայ հանդիսատեսին ներկայացվեց ռեժիսոր Հայկ Վարդանյանի «Օֆելյա» ֆիլմը` նվիրված սիրելի երգչուհուն: Ֆիլմն այս տարի կշարունակվի ցուցադրվել Սփյուռքի տարբեր գաղթօջախներում:
