Մովսես Հակոբյանի գույքն ու եկամուտները. iravaban.net
Մայիսի 20-ին նախագահի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպատամենտի պետ: Իսկ 2015 թվականի հունիսի 15-ին նա նշանակվել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնում: 2015 թվականին պաշտոնը ստանալու պահին Մովսես Հակոբյանը հայտարարագրել էր. անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, հասարակական նշանակության շինություն, բնակարան՝ բազմաբնակարան շենքում, RANGE ROVER SPORT Supercharged 4.2 ավտոմեքենա, 4.18 միլիոն դրամ եկամուտ: 2015 թվականի տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ Մովսես Հակոբյանի եկամուտը կազմել է 7.63 միլիոն դրամ՝ ստացված աշխատավարձից: Այլ գույք և եկամուտներ Մովսես Հակոբյանը չի հայտարարագրել: Իսկ ահա նրա կնոջ՝ Նարինե Ճավակյանի եկամուտը կրկնակի մեծ է եղել՝ 18 միլիոն դրամ, որը ստացվել է շահաբաժնից: Տարեսկզբին նրա դրամական միջոցները եղել են 1 միլիոն դրամ, իսկ տարեվերջին՝ 3 միլիոն դրամ: Նրա դուստրը՝ Արմինե Հակոբյանն էլ զգալի եկամուտ է ունեցել՝ 8.68 միլիոն դրամ, որից 1.68 միլիոնը ստացվել է աշխատանքի դիմաց վարձատրությունից, իսկ 7 միլիոն դրամը նվիրատվություն է ստացել: 7 միլիոն դրամի նվիրատվություն է ստացել նաև մյուս դուստրը՝ Մերի Հակոբյանը:
