Սէֆիլյան և Բաբայանի համագործակցությունը չի բացառվում
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, Սամվել Բաբայանի վերադարձի մասին, նշեց, որ պետք է պարզել՝ ո՞վ էր պարտադրողը, որ նա այսքան երկար տարիներ հեռու լինի հայրենիքից. «Տարօրինակն այն է, որ Սամվել Բաբայանի նման մի անձնավորություն երկար տարիներ բացակայել է իր հայրենիքից: Որո՞նք էին այն երաշխիքները, որ Ռուսաստանում Սամվել Բաբայանին որևէ վտանգ չէր սպառնում՝ շատ լավ հասկանալով, թե Ադրբեջանն ինչպիսի հնարավորություններ ունի Ռուսաստանում: Վերջապես բոլորս գիտենք, որ այդ մարդը պետական բարձր պաշտոններ զբաղեցնելով՝ տիրապետում էր նաև պետական գաղտնիքների, ինչպե՞ս կարելի էր թույլ տալ, որ նա պարտադրված բացակայի Հայաստանից: Ի՞նչ խնդիր էլ որ լիներ, կարծում եմ, հնարավոր էր լուծում գտնել, որ այդ բացակայությունը չլիներ: Իմ կարծիքով՝ Սամվել Բաբայանը երբեք չպետք է բացակայի Հայաստանից. Հայաստան ասելով՝ նկատի ունեմ Արցախը»: Նա ընդգծեց՝ բոլորդ նկատեցիք, թե ինչպիսի ջղաձգված վիճակ էր տիրում ստեփանակերտյան «իշխանիկների» մոտ. «Դժբախտաբար, ապրիլյան դեպքերը ևս դաս չեղան այդ մարդկանց: Հայկ Խանումյանի վրա հարձակվեցին և գիտենք, որ ստիպել են ստորագրել փաստաթուղթ, որտեղ նշված էր նաև, որ պետք է վերադառնա «իր Իջևանը»: Հարցին՝ հնարավոր է համարո՞ւմ է արդյուք Սամվել Բաբայանի հետ համագործակցությունը, նա պատասխանեց. «Այն կոմիտեն, որ փորձելու ենք ձևավորել, վստահ եմ, որ Արցախից ևս բազմաթիվ մարդիկ իմ իմ բնութարումներին կհամապատասխանեն ու կներգրավվեն կոմիտեում: Այս կոմիտեն չի լինելու միայն երևանյան կոմիտե, մեր հայտարարության մեջ շեշտել ենք՝ արտերկրում բնակվող մեր հասարակությանը հայտնի մարդկանց պետք է դիմենք այդ կոմիտեում ներգրավելու համար, Արցախից՝ ևս: Սամվել Բաբայանը ևս կարող է լինել այդ կոմիտեում, բայց անուններ չեմ հայտարարում, երբ տեղի ունենան հանդիպումներ, ժողովրդին կիրազեկենք՝ ում հետ ենք հանդիպել և արդյունքն ինչպիսին էր»:
