Հայտնի լեզվաբանի ամուսնու դաժան սպանության մեջ մեղադրվողներից 2-ը նախկինում դատապարտված են եղել
«Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ Նուբարաշենի խճուղում 58-ամյա Եղիշե Խաչատրյանի դաժան սպանության մեջ մեղադրվող Խաչիկ Կոսյանը, ինչպես նաև հետախուզման մեջ գտնվողներից մեկը՝ Արարատ Նիկողոսյանը, նախկինում դատապարտված են եղել: Ներկայումս 25-ամյա երիտասարդները հասցրել են դատապարտվել 21-22 տարեկանում, սակայն, ինչպես տեսնում ենք, անցյալից դասեր չեն քաղել: Խաչիկ Կոսյանը չունենալով վարորդական իրավունքի վկայական ՃԵԿ-ի կանոնները խախտել է և իրեն պատկանող ավտոմեքենայով վրաերթի ենթարկել երկու աղջիկների, անզգուշությամբ նրանց մահ պատճառել, ապա թողել է դեպքի վայրը և հեռացել: Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի 04.08. 2010թ. դատավճռով Կոսյանը մեղավոր է ճանաչվելով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 244-րդ հոդվածով և պատիժների համակցությամբ դատապարտվել է 4 տարի ժամկետով ազատազրկման: Միևնույն ժամանակ՝ նա 3 տարի ժամկետով զրկվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից և տուգանվել 250.000 ՀՀ դրամի չափով: Սակայն ինչպես պարզում է դատվածությունը Կոսյանին չի խանգարել, որպեսզի ընդունվի և աշխատանքի անցնի ԴԱՀԿ ծառայությունում:
