2016թ. պետբյուջեն վերանայելու կարիք չկա. ՀՀԿ
«2016 -ի բյուջեի վերանայման կարիքը չեմ տեսնում: Եթե դրա անհրաժեշտությունը լինի, կառավարությունը հանդես կգա առաջարկություններով»,- այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի տեսակետին, որ ապրիլյան պատերազմից հետո անհրաժեշտ է 2016 թվականի համար հաստատված բյուջեն վերանայել: Պատասխանելով հարցին, թե ՏԻՄ ընտրություններին ՀՀԿ-ն Գյումրիում պաշտպանելո՞ւ է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունը, պատգամավորն ասաց. «Մեզ մոտ դեռ քննարկման փուլ է, և մյուս շաբաթվա մեջ կամփոփենք»: Վահրամ Բաղդասարյանն անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հնչեցրած այն կարծիքին, ըստ որի՝ չի բացառում, որ ստվերային գումարների մի մասն ուղղվել է բանակին՝ ասաց, որ չի ցանկանա, որ որևէ քաղաքական գործիչ նման հայտարարությունն անի, քանի որ հիմնավորումներ են պետք: «Ես նման տեղեկություն չունեմ և կարծում եմ, որ մեր ռազմական բյուջեն մենք ապահովում ենք օրինական ճանապարհով»,–ասաց նա։
