ԱՄՆ Պետդեպը՝ Սուրբ Սոֆիայի տաճարում Ղուրան ընթերցելու մասին
Թուրքիան պետք է հարգի Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի հանդեպ ավանդույթները, այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները: Հույն լրագրողը խնդրել է նրան մեկնաբանել թուրքական իշխանությունների որոշումը հին հունական տաճարում Ղուրանի ընթերցման վերաբերյալ՝ մուսուլմանների համար սուրբ ամիս համարվող Ռամադանի ընթացքում: «Մենք ընդունում ենք, որ Այա Սոֆիան բացառիկ նշանակության վայր է: Մենք կոչ ենք անում թուրքական կառավարությանը պահպանել Այա Սոֆիան այնպես, որ հարգվեն նրա ավանդույթները և նրա բարդ պատմությունը»,- ասել է Թոները` օգտագործելով սրբավայրի հունական անվանումը: Սուրբ Սոֆիայում Ղուրանի ընթերցումը բողոք էր առաջացրել Հունաստանի ԱԳՆ-ում, ինչպես նաև ուղղափառ հասարակության վրդովմունքը մի շարք երկրներում, այդ թվում` Ռուսաստանում:
