«80 տարեկան մարդն ի՞նչ գործ ունի երկրի ԳԱԱ նախագահի պաշտոնում». Նիկոլ Փաշինյան
Այսօր ԱԺ նիստում 2015 թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ողջունեց այն քաղաքացիներին, ովքեր բուռն հակազդեցութամբ արձագանքեցին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հարցազրույցին, որտեղ վերջինս Հայաստանն անվանել էր «քոսոտ» երկիր. «Բայց ժողովո´ւրդ ջան, 80 տարեկան մարդն ի՞նչ գործ ունի Հայաստանի նման մարտահրավերներ ունեցող երկրի ԳԱԱ նախագահի պաշտոնում: Եթե նույնիսկ համարենք, որ Ռադիկ Մարտիրոսյանը մեծ գիտնական է, հանճարեղ կազմակերպիչ, անբասիր ղեկավար ու անառարկելի հեղինակություն, 80 տարեկան մարդուն ԳԱԱ նախագահ պահելը կնշանակի՝ ԳԱԱ-ն դատապարտել քոսոտ լինելու հեռանկարին»: Փաշինյանի կարծիքով՝ տագնապալի է անցած տարի ծնունդների նվազումը և այն, որ, ինչպես նա նշեց, Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված սպասվող բեյբի բումը չարդարացավ: Նա նշեց, որ իշխանությունները նպաստում են արտագաղթին, բայց պատերազմում զոհված տղաները դրա համար չեն իրենց կյանքը զոհաբերել:
