Ուշագրավ մանրամասներ՝ Փ. Մեյթիխանյանի ամուսնուն սպանության գործից
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ 58-ամյա Ե.Խաչատրյանի սպանության բոլոր հանգամանքներն ու մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Քննության ընթացքում պարզվել է սպանության շարժառիթը, 3 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։ Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. հունիսի 04-ին՝ ժամը 23-00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց մի խումբ անձինք վիճաբանել են 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ՝ երթևեկության կանոնները խախտելու համար դիտողության անելու կապակցությամբ, ապա 75-ամյա մոր ներկայությամբ հայհոյել ու բռնություն գործադրել Ե.Խաչատրյանի նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա կենսական կարևոր օրգանի՝ գլխի, ինչպես նաև՝ կրծքավանդակի և որովայնի շրջաններում։ Hayeli.am-ը երեկ հրապարակել էր հոդված, որում նշված էր, որ կասկածյալը մեքենայի մեջ է եղել մի երիտասարդ աղջկա հետ: Այս տեղեկատվությունն այսօր արդեն հաստատեցին նաև որոշ լրատվամիջոցներ: Ըստ մեր տեղեկությունների՝ մահացածի հարազատները կասկածներ ունեն, որ այս ամենի հետևում կանգնած է բարձրաստիճան պաշտոնյա, ում անունը նրանք բարձրաձայնել են Խաչատրյանի հուղարկավորության ժամանակ և նեղ միջավայրում:
