Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման օրը դեռ հայտնի չէ.Քոչարյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման օրը դեռ հայտնի չէ: Հանդիպման օրվա և վայրի մասին կտեղեկացվի հավելյալ,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն երեկ իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ոչ ադեկվատ պահվածքի կապակցությամբ: «Պարոն Զեմանի հետ զրույցի ընթացքում ես, իհարկե, իմ մտահոգությունը հայտնեցի վերջին օրերի ընթացքում Իլհամ Ալիևի անհավասարակշիռ վարքագծի վերաբերյալ, ինչի նշանները Վիեննայում, կարծես, չկային: Մասնավորապես, «Աշխարհի ադրբեջանցիների 4-րդ համաժողով» անունը կրող միջոցառման ժամանակ հնչեցրած նրա ելույթը՝ Հայաստան պետության մասին ցինիկ որակումներով, անձնական վիրավորանքներով երկրի նախագահի հանդեպ, ում հետ, իմիջիայլոց, օրեր անց ինքը պատրաստվում է հարցեր քննարկել, պատմությունը զավեշտի վերածած ինչ-որ մտքերով, ոչ ադեկվատության ընկալում ձևավորեց», - ասաց Սերժ Սարգսյանը Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Նա հույս հայտնեց, որ այս պահվածքը ժամանակավոր է ու միտում չունի չեզոքացնել Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները:
