Ցեղասպանությունը ժխտողները վախկոտներ են. Միլոշ Զեման
Նախագահ Սերժ Սարգսյանի անունից ի պատիվ պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի, այսօր Նախագահի նստավայրում տրվել է պետական ընդունելություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Փոխադարձ բաժակաճառում Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանը բաժակ է բարձրացրել Հայաստանի երջանիկ ապագայի համար և նշել, թե կցանկանար մտորել այն հարցի շուրջ, որը միավորում է Հայաստանը և Չեխիան: «Այսօր ճաշից հետո մի չեխ երիտասարդ լրագրող, ով ոչ բավականաչափ կյանքի փորձ ունի, ինձ հարցրեց, թե որտե՞ղ է ավարտվում ցեղասպանության սահմանը: Ես նրան պատասխանեցի՝ իմ երիտասարդ ընկեր, ես մեկ օրինակ եմ բերում՝ Եվրոպայում Համաշխարհային պատերազմի ժամանակ համակենտրոնացման ճամբարներում, գազային խցերում և այլն սպանվել է 6 մլն հրեա, բայց մի քանի հազար, հնարավոր է մի քանի տասնյակ հազար մնացել են: Եվ դուք ուզում եք ասել, որ դա ցեղասպանություն չէ՞, քանի որ մի քանի հազար մարդ մնացե՞լ է: Նույն բանը վերաբերում է հայ ժողովրդի ցեղասպանությանը: Որոշ մարդիկ ասում են՝ որոշները մնացել են, դա ցեղասպանություն չէ: Իսկական անհեթեթություն: Ես ուզում եմ ասել, որ մեզ միավորում է ճակատագիրը, քանի որ իմ ժողովուրդը դատապարտված կլիներ ցեղասպանության՝ նացիստական Գերմանիայի կողմից Համաշխարհային պատերազմում հաղթանակի դեպքում»,-ասել է Չեխիայի Նախագահը, ընդգծելով, որ նրանք, ովքեր ժխտում են այդ ցեղասպանությունը, հենց նրանք են, ովքեր ժխտում են հոլոքոստը: Նախագահ Զեմանը շեշտել է, որ մարդիկ, ովքեր դա ժխտում են, պարզապես վախկոտներ են: «Ես երբեք, պարո՛ն Նախագահ, սիրալիր քաղաքական գործիչ չեմ եղել: Նրանք պարզապես վախկոտներ են:
