Անկարան Մոսկվայից ապացույց է պահանջում
RIA Novosti-ի փոխանցմամբ` Անկարան Մոսկվայից ապացույց է պահանջում Թուրքիայի կողմից Սիրիայում ԴԱԻՇ-ի զինյալներին զենք մատակարարելու վերաբերյալ, չորեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալինը: Նախօրեին Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչը հայտնել էր, որ Սիրիայում Հալեպի հյուսիս-արևելքում թուրքական սահմանի կողմից նկատվել է բեռնատարների շարասյուն` զինված պահակախմբերի ուղեկցությամբ, որոնք զենք և զինամթերք են տեղափոխել ԴԱԻՇ-ի կողմից վերահսկվող շրջան: «Թող ապացուցեն, որ Թուրքիայից Սիրիայում զենք է մատակարարվել ԴԱԻՇ-ի կողմից վերահսկվող տարածքներ»,- հայտարարել է Քալինը և ավելացրել, որ իր կարծիքով Ռուսաստանը «փորձում է Թուրքիայի դեմ իրականացնել զրպարտության արշավ»: Նա նաև հերքել է բրիտանական ԶԼՄ-ների հաղորդագրությունն այն մասին, որ սիրիացի փախստական երեխաները Թուրքիայի հարավային Անտակիայում ԴԱԻՇ-ի զինյալների համար համազգեստ են կարում, այդ տեղեկատվությունը անվանելով «վերին աստիճանի անլուրջ»:
