«Վաղը կրճատելու ենք 3-4 փոխնախարարների». վարչապետ
ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանն այսօր հարցրեց, թե արդյո՞ք ավելի լավ չէ 2 մլն դոլարը ծախսել օրինակ բանակի համար անհրաժեշտ ջերմադիտակների ձեռքբերման համար, և ասաց. «Կառավարության կողմից ոչ կառավարական ՀԿ-ներին նվիրատվություն է արվել, որի ընդհանուր գումարն անցել է 9 մլրդ դրամից։ Առնվազն 1 մլրդ դրամ ուղղված է եղել բավականին կասկածելի նպատակների, որի գլխավոր նշանակությունն է եղել ապահովել իշխող Հանրապետական կուսակցության քաղաքական հենարանի սնուցումը։ Հայաստանում բոլորն էլ գիտեն, որ օրինակ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, որը ստացել է 120 մլն դրամ՝ ՀՀ բուհերի ուսանողներին կրթաթոշակ նշանակելու և երիտասարդ գիտաշխատողներին աջակցելու նպատակով, ընդամենն ապահովում է ՀՀԿ երիտթևի ազդեցությունը բուհական համակարգում»: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ի պատասխան ասաց. «Երևի ավելի շուտ պետք է սկսեինք այս տեմպերով։ Շատ քաղաքական գործիչներ կան, որոնք ցանկանում են չհավատալ, բայց մենք մեր գործունեությամբ փորձելու ենք համոզել, որ այդ գործընթացը բերելու է ծախսերի արդյունավետության։ Ուղղակի պետք չէ ակնկալել, որ մեկ հարվածով բոլոր խնդիրները լուծվելու են։ 5 նախարարությունում սկսվել են կրճատումները՝ սկսած փոխնախարարի մակարդակից։ Վաղը կրճատելու ենք երեք, չորս փոխնախարարներ»։
