Տերմինաբանությունը քթով, մռթով, դնչով, դա ի՞նչ ձեւ է.Ազատ Արշակյանը՝Շարմազանովի հայտարարության մասին
«Տերմինաբանությունը քթով, մռթով, դնչով, դա ի՞նչ ձեւ է: Գուցե շրջաբերական է եղել, թութակային բան կա, ես չգիտեմ՝ ով է սկիզբը դրել: Ո՞վ է ինձ խանգարում խառնվել Արցախի գործերին, նրանց ի՞նչ գործն է: Եթե դա պրովոկացիա է, ուրեմն Հանրապետական կուսակցությունը նույնպես վարկաբեկվում է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ազատ Արշակյանը,անդադառնալով ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությունը, որ պատգամավոր Հայկ Խանումյանի նկատմամբ բռնությունը Արցախում ընթացող գործընթաց է, որին չարժե գնահատական տալ: Շարմազանովը քաղաքական ուժերին կոչ էր արել նստել իրենց տեղերում եւ քիթները չխոթել Արցախում ընթացող պրոցեսներին:
Ազատ Արշակյանը Էդուարդ Շարմազանովին խորհուրդ է տալիս իր անձնական կարծիքն այլ ձեւով արտահայտել: «Եթե պաշտոնյան, ԱԺ փոխնախագահը անձնական կարծիք ունի, դրա համար լույսերը անջատում է, պատուհանները փակում է, գլուխը կոխում է վերմակի տակ եւ կարծիքը հայտնում է»,- հավելեց Ազատ Արշակյանը,ում խոսքով ոչ ոք իրավունք չունի հարձակվել իշխանության վրա, քանի որ պատգամավորը իշխանություն է: Եւ պատվի խնդիր է, որ Արցախի եւ Հայաստանի իշխանությունները շտապ հայտնաբերեն եւ պատժեն հանցագործներին, ովքեր ինքնադատաստան են տեսել ԱԺ պատգամավորի հետ:
