Նամակը չի կարող Արամ Աթեշյանին կարգալույծ անելու պատճառ դառնալ. Մայր Աթոռ
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը մեզ հետ զրույցում հայտնե,որ Պոլսի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի նամակը Թուրքիայի նախագահ Էրդողանին հիմք չէ, որ Մայր աթոռ սուրբ Էջմիածինը նրան կարգալույծ անի: Բունդեսթագի կողմից Ցեղասպանության ճանաչման առնչությամբ նրա հայտնած ափսոսանքը չի կարող կարգալուծության պատճառ դառնալ: Վերջինս նախ հրաժարվեց պատասխանել թեմայի շուրջ մեր հարցերին, ապա հավելեց, որ ինքը նման խնդիրներով չի զբաղվում: «Կա կարգապահական հանձնաժողով: Եթե նրանց նման հարց է ներկայացվում, ըստ այդմ` նրանք քննում են հարցը: Բայց նման նամակները և հայտարարությունները կարգալուծության պատճառ չեն»,- ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը: Հիշեցնենք, որ Պոլսում հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վերաբերյալ սկանդալային նամակ է հղել Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որում ասված է. «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Գերմանիայի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ազգի շրջանում խոր կսկիծ է առաջացրել: Որպես Թուրքիայի հայ համայնք՝ մենք կիսում ենք այս վիշտը և, որպես մեր սրտանց և անկեղծ զգացումների արտահայտում, այդ մասին Ձերդ գերազանցությանը հայտնում»:
