Այդ անբարո, աննախադեպ խայտառակ նամակը, որ հղել է էրդողանին, դա բոլորիս ամոթն է
ԱԺ-ում այսօր 2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ չի անդրադառնա քննարկվող թեմային ու կխոսի Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի նամակի մասին՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որտեղ արքեպիսկոպոսն իր ցավն է հայտնել Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունման վերաբերյալ;Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Այդ նամակը ազգային պետական դավաճանություն է բարձրաստիճան հայ հոգևորականի կողմից: Ակնկալում ենք, որ բոլորը բարձրաձայնեն այդ խնդրի մասին, որպեսզի խիստ դրվի Արամ Աթեշյանին կարգալույծ անելու հարցը: Այդ անբարո, աննախադեպ խայտառակ նամակը, որ հղել է էրդողանին, դա բոլորիս ամոթն է»: «Պարոն Մինասյան, սա ձեզ ուղղված հարց չէր, կարող եք զբաղեցնել ձեր տեղը»,- հարակից զեկուցող Գագիկ Մինասյանին դիմելով՝ ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Գագիկ Մինասյանը, սակայն, որոշեց խոսել. «Ես կատեգորիկ դեմ եմ, երբ շեղվում են քննարկվող թեմայից, սակայն ես չեմ կարծում, որ ԱԺ-ն պետք է մխրճվի հոգեւոր թեմաների մեջ: Մենք պետք է լավ հասկանանք այն բարդ իրավիճակը, որտեղ գործում է մեր համայնքը Թուրքիայում»: Հիշեցնենք, որ Պոլսում հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վերաբերյալ սկանդալային նամակ է հղել Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որում ասված է. «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Գերմանիայի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ազգի շրջանում խոր կսկիծ է առաջացրել: Որպես Թուրքիայի հայ համայնք՝ մենք կիսում ենք այս վիշտը և, որպես մեր սրտանց և անկեղծ զգացումների արտահայտում, այդ մասին Ձերդ գերազանցությանը հայտնում»:
