Սուրիկ Խաչատրյանին որտեղից 10 հանքի շահագործման թույլտվություն
Համաշխարհային բանկը կաջակցի մեր երկրին՝ հանքարդյունաբերության ոլորտում վերահսկողությունը բարձրացնելու համար։ Այսօր բանկի ներկայացուցիչները ներկայացրին «Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում-Հայաստան» զեկույցը։ Ըստ այդմ՝ վերջին 5 տարիների ընթացքում հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի արտահանումների ծավալը կազմել է տարեկան մոտ 500 մլն դոլար։ Դրանով ոլորտը եղել է արտահանումների և արտարժութային հոսքերի գծով առաջատարը։ Հայտնի է, որ հանքարդյունաբերական ընկերությունները մեծ թվով աշխատատեղեր են ապահովում։ 2014 թվականին մետաղի արդյունահանման ոլորտում աշխատողների թիվն ավելի քան 7000 է եղել։ «Զեկույցը պետք է հիմք հանդիսանա բոլոր շահագրգիռ կողմերի համար՝ հատկապես քաղհասարակության, տնտեսվարողների հետ մշակելու համատեղ ռազմավարություն»,-լրագրողներին ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։ Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար տիկին Լորա Ի. Բեյլին հանքարդյունաբերության խնդիրների վերաբերյալ հարց ուղղեց և հետաքրքվեց. «ՀԲ-ի կողմից ներկայացված զեկույների վերաբերյալ Հայաստանի կառավարությունն արդյոք ինչ-որ քայլեր ձեռնարկել է:Մենք գիտնեք, որ ՀՀ-ի տարածքում փոքր հանքավայրերն ինչ-որ կախարդական փայտիկներով հայտնվել են տարբեր պաշտոնյաների իրավասության ներքո, եւ իրենք են այդ հանքավայրերը որոշում վաճառել ինչ-որ այլ կազմակերպությունների: Դա փաստ է, պետք է Համաշխարհային բանկն այդ մասին իմանա:Որտեղի՞ց Սյունքի մարզպետին մոտավորապես 10 հանքավայրի ուսումնասիրման կամ շահագործման լիցենզիա, որը հետո ինքը վաճառում է տարբեր ընկերությունների վրա»,- ասաց Լեւոն Գալստյանը: ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը պատասխանելով առաջին հարցին, նշեց, թե իրենց զեկույցների վերաբերյալ առաջընթացը ճիշտ ուղղությամբ է ընթանում, սակայն իրենք կցանկանային, որ դա արագ կատարվեր:
