Վրաստանից ՀՀ մտնող մեքենաները անիմաստ մուծումներ են անում. պատգամավոր
ԱԺ ելույթների ժամին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անդրադարձավ հայ-վրացական սահմանին տիրող իրավիճակին: Մանուկյանը նշեց, որ սահմանին անտրամաբանական մուծում կա, որը խոչընդոտում է մարդկանց մուտքին Հայաստան. «Մի քանի օր առաջ եմ անցել Վրաստանի սահմանով, և պետք է ասեմ, որ յուրաքանչյուր մեքենա, որը Վրաստանից Հայաստան է մտնում, պետք է մուծի 2000 դրամ՝ մեքենաների ժամանակավոր ներմուծման անվան տակ: Այդ գումարները բրոկերների են մուծվում, ոչ թե մաքսային աշխատակիցներին։ Պետք է նշեմ նաեւ, որ հակառակ ուղղությամբ այդպիսի բան չկա։ Անիմաստ, անտրամաբանական մուծում է, որը խոչընդոտում է մարդկանց մուտքը Հայաստան»:
