Հայաստանը ապրում է ճակատագրական ժամանակներ. պատգամավոր
Հայաստանը ապրում է ճակատագրական ժամանակներ: Ապրիլյան քառօրյա պատերազմը եւ դրա հետեւանքով ձեւավորված իրողությունները ակնհայտ են դարձնում մեր երկրի արմատական եւ արագ արդիականացման հրամայականը: Այս մասին հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ Գլխավոր խնդիրն է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության եւ պաշտպանունակության ապահովումը: ՙՙՀայաստանը պետք է արմատապես վերափոխի գործող տնտեսական համակարգը: Այս առումով առաջնահերթ քայլերն են՝ մենաշնորհների և կոռուպցիայի վերացումը, ազատ և արդար մրցակցության երաշխավորումը, փոքր և միջին բիզնեսի զարգացման խթանումը: Հայաստանը պետք է հիմնովին փոխի գործող ընտրական համակարգը՝ երաշխավորելով ազատ և արդար ընտրությունների անցկացումը և լեգիտիմ իշխանությունների ձևավորումը: Վերջապես պետք է համաձայնություն կայացվի ընդդիմության, իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության միջեւ օրինական ընտությունների ապահովման մեխանիզմների շուրջ՚՚,- ասաց նա: Ըստ նրա՝ Հայաստանում այլևս երբեք և ոչ ոք չպետք է դատապարտվի կամ հալածվի իր քաղաքական հայացքների համար: Հայաստանի արդիականացման ծրագիրը պետք է իրականացվի համագործակցության եւ դեպի ժողովրդավարություն փոխհամաձայնեցված անցման սկզբունքների վրա, ինչը թույլ կտա վերականգնել քաղաքացիների վստահությունը պետության, պետական ինստիտուտների և հուսալի ու բարեկեցիկ ապագայի նկատմամբ եւ դադարեցնել կործանարար արտագաղթը:
