«Ի՞նչ իրավունքով են զինվորական պատվի արժանացնում ոչ զինվորականներին»
Ապրիլյան պատերազմը պաշտպանության ոլորտում մի շարք խնդիրներ ի ցույց դրեց: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Գագիկ Ջհանգիրյանին ապրիլյան պատերազմից հետո ամենաշատը զայրացրել է այն, որ ամենուր հրապարակայնորեն սկսել են քննարկել բանակի թերությունները։ «Պատերազմից հետո սահմանային զորամասեր, դիրքեր այցելությունները կարեւոր էին զինվորներին ոգեւորելու համար, բայց երբ համացանցով դիտում ես, թե ինչպես է պաշտոնյային, մեծահարուստին կամ պատգամավորին դիմավորում զինվորական ստորաբաժանումը, զայրույթը զսպել հնարավոր չէ։ Ո՞ր կանոնակարգով կամ պաշտպանության նախարարի ո՞ր հրամանով զինվորական պատվի են արժանացնում ԶՈՒ հետ կապ չունեցող որեւէ մեկին, ո՞վ է իրավունք տվել վիրավորել զինվորի պատիվն ու արժանապատվությունը»։ Նա հայտարարեց, որ իշխանություններն իրենց հերթին՝ պարտավոր են ոլորտում փորձառություն և գիտելիք ունեցող մեր համաքաղաքացիների առաջարկություններն ու դիտարկումները քննարկելու ձևաչափ գտնել:
