«Ալիևի ընտանիքը մանաթի արժեզրկումից միլիոնավոր դոլարներ է աշխատել»
Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտության կենտրոնը (OCCRP) հայտարարում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը 2015 թվականին մանաթի արժեզրկումից տասնյակ միլիոնավոր դոլարներ է աշխատել: Այս մասին հայտնում է BBC-ն: Ըստ այդմ՝ նրանք ստացել են մոտավորապես 64 միլիոն դոլարի շահույթ պետական գործարքներից: Հիշեցնենո, որ 2015 թվականի փետրվարին Ադրբեջանի Կենտրոնական բանկն ազգային արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկել է մոտ մեկ երրորդով, իսկ 2015 թվականի դեկտեմբերին այն անցել է լողացող փոխարժեքի, ինչի հետևանքով մանաթը 1 օրում արժեզրկվել է ևս 50 տոկոսով: OCCRP-ն գրում է, որ առաջին արժեզրկումից մի քանի օր առաջ Ալիևը, ինչպես նաև ԿԲ-ի ներկայացուցիչները բնակչությանը վստահեցնում էին, որ մանաթի փոխարժեքը կայուն է մնալու: Հետաքննող լրագրողների ուշադրությունը գրավել են գործարքները, որոնք կատարվել են Caspian Development Bank-ի, AtaBank-ի և Pasha Bank-ի միջոցով: Այդ բանկերի սեփականատերը, ըստ OCCRP-ի, Իլհամ Ալիևի ընտանիքի հետ մտերիմ գործարար Աշրաֆ Քամիլովը/կամ հենց Ալիևների ընտանիքն է: Caspian Development Bank-ն ու AtaBank-ը կապված են Synergy Group կոնգլոմերատի հետ, որի 99%-ը պատկանում է Քամիլովին, Pasha Ban-ը վերահսկվում է Ադրբեջանի նախագահի դուստրերի կողմից: Ըստ OCCRP-ի՝ մեկ այլ կասկածելի գործարք է տեղի ունեցել մանաթի արժեզրկումից մի քանի օր առաջ: Synergy Group-ի մեջ մտնող AAC LLC ընկերությունը, որը զբաղվում է շինարարական նյութերի արտադրությամբ, վերադարձրել է 60 միլիոն մանաթ (76,5 մլն դոլար), որ պարտք էր AtaBank-ին, ու միանգամից բանկից վերցրել է դոլարային պարտք՝ ավելի մեծ գումարի չափով:
