Մենք պետք է պատրաստվենք պատերազմի. քաղաքագետ
<<Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը հիմնականում զարմանքի տեղիք է տվել, քանի որ Գերմանիան դեռ մեկ տարի առաջ չէր ուզում լսել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, մինչդեռ այս տարի կտրուկ շրջադարձ կատարեց և ճանաչեց պատմական իրողությունը>>,Հայելի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Հարցին, թե ի՞նչ գործոններ ստիպեցին Եվրոպայի հզոր երկրին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Շիրինյանը նշեց, որ առաջինը՝ պայմանական հինգ տոկոսով, գերմանական մարդասիրությունն է: Երկրորդ գործոնը իսլամական ահաբեկչություններն էին Եվրոպայում, որոնք կարող էին կրկնվել Գերմանիայում: Եվ վերջապես երրորդ գործոնը՝ միգրացիոն հոսքերն են: <<Գերմանիան բանաձևը նախևառաջ ընդունել է իր քաղաքական շահերի ենթատեքստում: Բանաձևի ճանաչումը կնպաստի, որպեսզի հայ մասնագետները հեշտորեն կարողանան մուտք գործել գերմանական արխիվներ և անհրաժեշտ փաստաթղթեր ուսումնասիրեն: Սակայն վտանգներ ևս առկա են: Ամենամեծ վտանգը ռուս-թուրքական հանկարծակի գրկախառնությունն է>>: Իսկ ինչ վերաբերում է Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպմանը՝ քաղաքագետը նկատեց, որ հանդիպման ընդհանուր ֆոնը Հայաստանի դեմ է լինելու: Պատրանքներ չպետք է տածել, մենք պետք է պատրաստվենք պատերազմի: <<Պատերազմ անկասկած լինելու է: Հարվածը հենց ադրբեջանցիների գրաված Լելե Թեփե բարձունքից է լինելու: Քանի դեռ հայկական բանակը կարգի չի բերվել, պատերազմը մոտենում է: Պատերազմը տարածաշրջանից կհեռանա միայն մեկ դեպքում, երբ հայկական բանակի կարգապահությունը զգոն կերպով վերահսկող ուժերը հասկանան՝ այն իրոք կարգապահ է>>:
