Որն է «այլ ծախսեր» տողի «այլ ծախսեր» ենթատողը
«Ինչպես հասկացա՝ դեպի ավելացում է գնացել ու նշված ծախսերն էլ կատարվել են: Ծախսերի 109 մլրդ դրամի ավելացումն աննախադեպ էր: Դրանք հիմնականում եղել են վարկերի ու պարտքերի կուտակման հաշվին: Դրանք զարգացման ծրագրերին չեն ուղղվել, այլ կառավարական շենքերի վերանորոգման կամ մեքենաների սարքերի ձեռքբերմանը: Սա այն դեպքում, երբ մեր դեֆիցիտը 4.8 տոկոս է, իսկ պետական պարտքն ավելացել է 14 տոկոսով: Իսկ ծախսերի պահով աչքի է զարնում բյուջեի փաստաթղթում նշված «այլ ծախսեր» տողը, որն էլ ունի իր՝ «այլ ծախսեր» ենթատողը, որը կազմում է ամբողջ բյուջեի նկատմամբ 12.4 տոկոս: Տպավորությունն այնպիսին է, որ ինչ-որ բան ուզում են թաքցնել»,-2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանն այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ՀՀ Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց բյուջեի կատարված ճշտումներից: «Եթե միայն այս տողը լիներ, թերեւս կարելի էր ձեզ հետ համաձայնվել, սակայն փաստաթուղթը պարունակում է բոլոր մանրամասները՝ մինչեւ վերջին բջիջը: «Այլ ծախսեր» տողը տնտեսագիտական դասակարգման հոդված է: Օրինակ՝ ՊՆ բյուջեի օգտագործումը նախատեսված է այդ տողում»,-պատասխանեց ՀՀ Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
