Իրավական կազուս
2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը ԱԺ անկախ պատգամավոր էդմոն Մարուքյանը ՀՀ Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց ավանդների փոխհատուցման ծրագրից. «Պետությունն ասում է՝ մենք չենք վերադարձնում այդ գումարները, այլ միայն փոխհատուցում: Հիմա փոխհատուցման իր հերթին սպասողը մահանում է, սակայն ժառանգը չի ստանում այդ գումարները, քանի որ դուք ասում եք, թե այդ գումարներն անխզելիորեն կապված են մահացածի հետ: Եթե չեք վերադարձնում այդ գումարները, ապա բյուջեի մեջ ինչպե՞ս եք նշում ամեն տարի, որ պետական պարտքը մարել եք: Այստեղ իրավական կազուս ունենք: Երկու տարի առաջ էլ եմ այս մասին ասել, սակայն ոչինչ չի փոխվել»: Ավանդները պետական պարտքի մաս չեն կազմում,-հայտարարեց ՀՀ Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: «Եթե պետական պարտքից չեք հանում այդ գումարները, ուրեմն պետությունը շարունակում է պարտք մնալ քաղաքացուն»,- նկատեց էդմոն Մարուքյանը:
