Ադրբեջանի հանրային հեռուստատեսությունում զանգվածային կրճատումներ են
Ինչպես հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը, հունիսի 1-ից աշխատանքից ազատել են տեղեկատվական վարչության տնօրենին, Թուրքիայում երկու թղթակիցներին, Կենտրոնական Ասիայի գծով երկու թղթակիցներին, երկու ավագ խմբագիրներին, երկու թղթակցի, ռուսերեն հաղորդումների հաղորդավարին, քաղաքական վերլուծաբանին: Այս մասին ասվում է Հանրային հեռուստատեսությունում կադրային քաղաքականությունից դժգոհ լրագրողների անունից սոցցանցերում տարածված հաղորդագրության մեջ, որտեղ նշվում է, որ աշխատանքից ազատումների մասին որոշումն ընդունվել է հեռուստատեսության գլխավոր տնօրենի՝ երկրից բացակայելու ժամանակ: Նշվում է նաեւ որոշ ազատումների ապօրինությունը, քանի որ վարչությունների ղեկավարներին կարող է աշխատանքից ազատել միայն հեռուստատեսության հեռարձակման խորհուրդը, այլ ոչ թե գլխավոր տնօրենը: Ասվում է, որ մինչեւ շաբաթվա վերջ աշխատանքից կազատեն եւս 7-8 աշխատակցի: Ադրբեջանի հանրային հեռուստատեսությունը չի մեկնաբանել իրադարձությունը:
