Որքան է վաստակել Ալիևի ընտանիքը 2015 թվականին
RBC-ի փոխանցմամբ՝ Կոռուպցիայի ու կազմակերպված հանցավորության հետազոտության կենտրոնի (OCCRP) լրագրողները պնդում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը 2015 թվականին մանաթի արժեզրկումից վաստակել է տասնյակ միլիոնավոր դոլարներ: OCCRP-ի հրապարակման մեջ նշված է, որ Ալիևի ընտանիքը, ինչպես նաև նրան մոտ կանգնած գործարարը ստացել են առնվազն 64 միլիոն դոլարի շահույթ այն գործարքներից, որոնք իրականացվել են 2015 թվականին մանաթի արժեզրկումից առաջ մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում: 2015 թվականի փետրվարին Ադրբեջանի Կենտրոնական բանկը մանաթն արժեզրկել է 1/3-ով, իսկ նույն թվականի դեկտեմբերին անցում է կատարել լողացող կուրսի, ինչի արդյունքում մանաթը մեկ օրում արժեզրկվել է ևս 50 տոկոսով: OCCRP-ն ընդգծում է որ մանաթի առաջին արժեզրկումից ընդամենը օրեր առաջ անձամբ Ալիևը, ինչպես նաև Կենտրոնական բանկի ներկայացուցիչները բնակչությանը վստահեցրել են, որ ազգային արժույթի կուրսը կմնա կայուն: Հետաքննող լրագրողները հարց են առաջ քաշում, թե արդյոք Ալիևը կարո՞ղ էր իմանալ սպասվող արժեզրկման մասին և կարո՞ղ էր այդ մասին հայտնել իր ազգականներին կամ բիզնես-գործընկերոջը, որպեսզի նրանք պաշտպանեին իրենց ակտիվները և անգամ վաստակեին ճգնաժամից: OCCRP-ն ընդգծում է, որ Ադրբեջանի ողջ բանկային սեկտորը մանաթի արժեզրկումից ու դրանից ամիսներ անց լողացող կուրսի անցում կատարելուց կորցրել է ավելի քան 1 միլիարդ դոլար:
