Նաիրա Կարապետյանի զեկույցը՝ ԵԽԽՎ-ում
ԵԽԽՎ Սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի կողմից միաձայն ընդունված երթեւեկության անվտանգությանը վերաբերող զեկույցը ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանի առաջին զեկույցն էր, որի վրա նա աշխատել է մոտ 2 տարի: Ըստ զեկույցի հեղինակի՝ երթեւեկության անվտանգությունը պետք է դառնա հանրային առողջապահության առաջնահերթություններից մեկը, եւ անդամ պետությունները ճանապարհային ենթակառուցվածքների ծախսերի 10 տոկոսը պետք է հատկացնեն երթեւեկության անվտանգությանը: «Ա1+»-ի հետ զրույցում տիկին Կարապետյանը, ներկայացնելով զեկույցի կարեւորությունը, նշեց՝ ճանապարհային պատահարն ունի մի հետաքրքիր առանձնահատկություն՝ մեզ միշտ թվում է, որ այն երբեք չի պատահի մեզ հետ. «Աշխարհում յուրաքանչյուր տարի ճանապարհային պատահարներից մահանում է 1.25 միլիոն մարդ, դա մոտավորապես նույնն է, ինչ մեր քաղաքի բնակչության թիվը: Խիստ պատկերավոր ասած՝ ամեն տարի Երևանի պես մի քաղաք է զոհ գնում ճանապարհներին, 2.4 միլիոն մարդ դառնում է հաշմանդամ: Սա սարսափելի ցուցանիշ է, եթե հաշվի առնենք, որ հատկապես շատ է երեխաների և պատանիների մահացության աստիճանը»: Նա նաեւ տեղեկացրեց, որ զեկույցը կքննարկվի ԵԽԽՎ լիագումար նիստում հունիսի 24-ին, իսկ մինչ այդ կլինի ևս մեկ վերջնական քննարկում հանձնաժողովում: Նաիրա Կարապետյանի դիտարկմամբ՝ Եվրոպական մի շարք երկրներում ճանապարհներին կարգապահությունը խիստ ցածր է՝ շատ են ալկոհոլի, դեղամիջոցների ազդեցության տակ վարելու դեպքերը, լուրջ քանակ է կազմում նաև մեծ արագությամբ վարելու հետևանքով պատահարների թիվը, շատ են մոտոցիկլիստների և հեծանվորդների հետ դեպքեր՝ համապատասխան անվտանգության միջոցներ չօգտագործելու հետ կապված. «Հայաստանում իրավիճակը, այլ ետխորհրդային պետությունների համեմատությամբ, շատ ավելի լավ է. վիճակագրության տեսակետից վերջին տարիներին գրանցվել է դրական տեղաշարժ: Մենք ունենք արդիական շատ լուծումներ՝ խաչմերուկների կարգավորման լուսաձայնային ազդանշաններ, գունավոր գծանշումներ, կահավորված երթևեկության տրանսպորտների կանգառներ, մեծ է ամրագոտիներ, երեխաների նստարաններ, օգտագործողների թիվը, նվազում է ճանապարհային կանոնների և արագության գերազանցումների թիվը. այս ամենը հանրագումարով բերում է մահացության և վնասվածքների թվի նվազմանը»: Այսուամենայնիվ, նա մի առանձնահատկություն է նշում. «Նույն ԱՊՊԱ-ի ներդրման, տեսանկարահանող սարքերի տեղադրման հետ սկզբից կտրուկ աճեց պատահարների թիվը, քանի որ նախկինում շատ պատահարներ պարզապես չէին արձանագրվում՝ տարբեր պատճառներով: Հետագայում այդ թիվը սկսեց հետզհետե նվազել»: Տիկին Կարապետյանը չի ժխտում՝ մեզ մոտ դեռ շատ թերություններ կան, որոնք հույս ունի՝ ժամանակի ընթացքում կլուծվեն. «Օրինակ՝ չունենք հասարակության միանշանակ վերաբերմունք ճանապարհային անվտանգությանը: Այստեղ մեծ աշխատանք ունենք տանելու թե հասարակության իրազեկման բնագավառում, և թե, ըստ ինձ, մեզ այսօր հարկավոր է լայնածավալ ճանապարհային աուդիտ: Ճանապարհային աուդիտը համաշխարհային պրակտիկայում լայնորեն կիրառվող երևույթ է, որը մեզ հատկապես կօգնի ճանապարհների ճիշտ կահավորման հարցում՝ կախված մեքենաների քանակի խիստ ավելացման հետ»:
