Քըրք Քրքորյանի վերջին մտահաղացումը իրականություն կդառնա
Միլիարդատեր Քըրք Քրքորյանի մահը չի խանգարի նրա վերջին մտահղացումներից մեկի` Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի էկրանավորմանը հոլիվուդյան հայտնի դերասան Քրիստիան Բեյլի մասնակցությամբ։ Ամերիկահայ միլիարդատեր, կինոմագնատ և բարերար Քրքորյանը մահացել է հունիսի 16–ի լույց գիշերը 98 տարեկան հասակում։ Ինչպես հայտնում են արտասահմանյան ԶԼՄ–ները, «Խոստում» անվանումով օսկարակիր Բեյլի և Օսկարի նոմինանտ Օսկար Այզեկի մասնակցությամբ ֆիլմը կնկարահանի Survival Pictures կինոընկերությունը։ Ժապավենի տնօրեն Թերրի Ջորջի («Ռուանդա հյուրանոց» ֆիլմից) խոսքով, ֆիլմը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին սիրո պատմության մասին «Դոկտոր Ժիվագո» և «Կարմիրները» ֆիլմերի ոճով։ Դրամայի գործողությունները ծավալվում են Օսմանյան կայսրության գոյության վերջին օրերին և անդրադառնում են Հայոց ցեղասպանության թեմային։ Սյուժեի հիմքում Մայքլ անունով ուսանող բժիշկի, գեղեցիկ Աննայի և ամերիկացի լրագրող Քրիսի միջև սիրային եռանկյունին է։ «System of A Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը Facebook սոցցանցի իր էջում հայտնել է այդ կինոնախագծին մասնակցելու իր մտադրության մասին։ «Վերջին տարիներին ես պատիվ եմ ունեցել օգնել և խորհուրդներ տալ իմ ընկեր Էսրայելյանին (Survival Pictures կինոընկերության ղեկավարին) այդ խոշոր նախագծի իրագործման հարցում»,– գրել է Թանկյանը։ Նա խոստացել է տեղեկություն հաղորդել նոր մանրամասների դեպքում։
