Նոր մանրամասներ՝ Էջմիածնում կատարված սպանությունից
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ՝ հունիսի 5-ին, կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես Արմավիրի մարզից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00:35-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի պարզաբանման՝ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Էջմիածին քաղաքի բնակիչ Համլետ Պատուրյանի սպանության դեպքի առթիվ: Նախնական տվյալներով` 2016 թվականի հունիսի 05-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, Էջմիածին քաղաքի Շահումյան 75 հասցեում գտնվող ըմբշամարտի դպրոցի տարածքում, կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ է արձակել Հ.Պատուրյանի ուղղությամբ` պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ և դիմել փախուստի: Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել է քննչական պլան և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ` առաջ քաշված վարկածներն ստուգելու ուղղությամբ: Մեկ անձ ձերբակալվել է:
