Ոսկե արծիվը. «Մագնիսի պես ձգում էր բոլորին»/տեսաշար/

Սա ձեր լսարանն է: Դասընկերներդ, դասախոսներդ վարանոտ մտնում են ներս ու կողք կողքի նստում երկարուկ սեղանի երկու կողմերում: «Մեր տեղերը նստենք»,- ցածրաձայն ասում է Շուշանը: Գարեգին Հարությունյանը սովորականի պես իր տեղում է` ծայրին, ուսուցչի սեղանի մոտ, հետո Լուսինեն է, հետո` Շուշանը: Աշոտը Շուշանի կողքին չի նստում: Շուշանի կողքի աթոռը դատարկ է: Աշոտը նստում է ազատ աթոռի կողքին: Կարիք չկա, որ նա բառերով ասի. նրա աչքերի մուգ տխրությունն այնքան խոսուն է դատարկ աթոռին նայելիս: Հանկարծ… անկախ իմ կամքից, ոտքերս ինձ առաջ են տանում: Ես չեմ ուզում, որ քո տեղը դատարկ մնա: Ընկերներիդ հրմշտելով՝ ես հասնում-տեղավորվում եմ քո աթոռին: Բոլորն ինձ են նայում` որը ներողամիտ ժպիտով, որը` տարակուսած… Իսկ Լուսինեի ակնոցի անգույն ապակու տակից արցունքը սահում է ներքև: -Նա էլ երբեք չի նստի այդ աթոռին,- ասում է կիսաձայն: Robert (1) Ես երևի ուրիշ տեղ պիտի նստեի: Այդ աթոռը պիտի ազատ մնար, որպեսզի հավաքվածներից յուրաքանչյուրը իր հոգու մեջ, իր մտապատկերում գտներ քեզ` գույն առ գույն, հույզ առ հույզ, դրվագ առ դրվագ… ու բերեր նստեցներ այդ աթոռին: Ու լսարանը լցվեր քո կապույտ աչքերի արևով, քո զրնգուն ծիծաղի ելևէջներով… Robert (3) -Ռոբերտն իմ ընկերն էր,- դասախոսիդ ձայնը սարսռալու աստիճանի ցավոտ է: -Նա կարող էր իմ որդին լինել, բայց մենք ընկերություն էինք անում, որովհետև Ռոբերտը 18 տարեկանում արդեն հասուն տղամարդ էր` պինդ, հուսալի, պատասխանատու: Ես ամեն օր նրան իմ մեքենայով դասի էի բերում, իսկ դասերից հետո տուն էի տանում: Իսկական ընկերոջ նման: Եթե ինձ ասեին` մեկ նախադասությամբ նկարագրիր Ռոբերտին, ես կասեի` նա աշխարհ էր եկել մարդկանց օգնելու համար: Ու այդ մղումը երբեմն հասնում էր ծայրահեղության: Մարդկանց հոգսը իր վրա վերցնելու, ուրիշների ցավով ապրելու, ուրիշների համար իրեն պատեպատ տալու ցանկությունը նրա օրը լցնում էր անթիվ-անհամար պարտականություններով: Ռոբերտը գործունյա էր, հնարամիտ, ճարպիկ: Երբ ես իմացա, որ Ռոբերտից լուր չկա, համոզված էի, որ նա ողջ չէ, քանի որ, եթե նա ողջ լիներ, մի հնար կգտներ տուն զանգելու: -Նա մեծ սիրտ ուներ,- Աշոտն է, կողքիս է նստել, ու կարող եմ մոտիկից տեսնել ընկերոջը կորցրած երիտասարդ տղայի աչքերը: Սեղանին դրված ձեռքը դողում է: Երբեք այսքան արցունքոտ ժպիտ չեմ տեսել: -Նեղության պահին պետք չէր, որ Ռոբերտից օգնություն խնդրեիր, ինքը կգար ու մինչև վերջ կկանգներ կողքիդ: Այնքան եռանդ, ուրախություն, կյանք կար Ռոբերտի մեջ:  Այնքան սեր ու բարություն: Ուղղակի չես հավատում, որ նա այլևս չկա: Իսկ նրա հարյուրավոր երազանքները, մենք արդեն իրենց տանը մեր փոքրիկ ատամնաբուժարանն էինք հիմնել… Գիտեք, նա սիրում էր նկարվել: Գեղեցիկ տղա էր, ու աղջիկները պաշտում էին նրան: Մագնիսի պես ձգում էր բոլորին: Աղջիկները նրա շուրջն էին հավաքվում դեպի լույսը վազող թիթեռների պես… Ու միայն նրա գեղեցկությունը չէր պատճառը, այլ ամուր, հուսալի, ազնիվ ու պայծառ խառնվածքը: Robert (4) Կողքիս նստած աղջիկը շիկնում է: Ես պարզ տեսնում եմ, որ նա շիկնում է ու փախցնում հայացքը: Թուխ, սիրունիկ աղջիկ է, փայլուն, արտահայտիչ աչքերով: -Սիրած աղջիկ ունե՞ր,- հարցնում եմ Աշոտին` աչքս Շուշանից չկտրելով: Աշոտը չի պատասխանում, իսկ Լուսինեն արցունքը սրբելով՝ գլխով ցույց է տալիս թխահեր գեղեցկուհուն: -Շուշանին էր սիրում: Երբ Լուսինեն խոսում է քո մասին, անպայման ծիծաղում է արցունքների միջից: -Անհնար է հիշել Ռոբերտի մեծ, լուսավոր աչքերն ու չժպտալ: -Ընկերությո՞ւն եք արել,- հարցնում եմ Շուշանին: Աղջիկը չի պատասխանում, լացը զսպելու ճիգից ուսերը ցնցվում են: Նրա փոխարեն Լուսինեն է պատասխանում: – Մենք շատ մտերիմ էինք, հաճախ էինք խոսում հեռախոսով, երբ բանակում էր: Միշտ հարցնում էր Շուշանից: Մի օր էլ խաբեցի, թե Շուշանն ընկեր ունի: Ոնց էր հուզվել: Մեկ շաբաթ ամեն օր զանգեց ու հարցրեց` ճիշտ եմ ասում, թե խաբում եմ: Երբ խոստովանեցի, որ կատակ եմ արել, թեթևացած շունչ քաշեց ու ասաց` Շուշանն ինձ է սպասում, չի կարող ընկեր ունենալ: Ռոբերտին բոլորն էին սիրում: Նա այնքան բարի էր: Շատ էր սիրում փոքրիկ երեխաներին: Կենդանիներ էր սիրում, թութակ ուներ, շուն, կատու… Որտեղ Ռոբերտն էր, այնտեղ ծիծաղ  ու ուրախություն կար: Գիտեք, նա Ռուսաստանի քաղաքացի էր ու կարող էր չծառայել, բայց կամավոր գնաց բանակ… -Ինձ առանց «ջանի» չէր դիմում: Դուռս բացում էր ու ասում` ընկեր Իգիթյան ջան, ո՞նց եք, ի՞նչով օգնեմ: -Ընկեր Իգիթյանը բաժնի վարիչն է ու այսպես է հիշում Ռոբերտին,- նրա բերանից «օգնել» բառը անպակաս էր, կամ ասում էր` ինչով օգնեմ Ձեզ, կամ էլ` ոնց օգնենք մեր ընկերոջը: Գալիս էր, խնդրում ուրիշների համար: -Մի անգամ ինձ ասաց` ուզում եմ հորս պես հերոս լինել: Ռոբերտի հայրը ուրիշներին փրկելիս այրվել էր ու դեմքին սպի ունի,- հիշում է Գարեգին Հարությունյանը: -Նա արծիվ էր, որն ուզում էր ավելի ու ավելի բարձր թռչել: Երբ Ռոբերտին «Ոսկե արծիվ» շքանշանով պարգևատրեցին, մտածեցի, որ դա նրան բնութագրող ամենադիպուկ պարգևն է: Ինքն էլ մի ոսկե արծիվ էր… Robert (2) -Մեր կյանքից մեծ լույս պակասեց,- ասում է Լուսինեն,- բոլորիս կյանքից: …Հետո մեկը մյուսին լրացնելով՝ խոսում են դասախոսներդ, պատմում են, հիշում` Նունե Մեժլումյանը, Կարինե Օհանյանը, Լաուրա Դազդուրջյանը, Ռուզաննա Ամարյանը… Հիշում են, թե որքան գեղեցիկ էիր զինվորական համազգեստի մեջ, երբ արձակուրդ էիր եկել, թե ինչպես ասացիր` հանգիստ քնեք, ես սահմանին եմ: Էլ ոչ ոք չի լալիս: Թվում է` դու ներս ես մտել, նստել ես մեր կողքին: Այնպես, ինչպես դու ես երազել քո կարճատև կյանքում` փառքով ու հերոսավայել: Ես այլևս գրի չեմ առնում բառերը, որով «օծում» են քեզ` կարեկից, ուժեղ, վճռական, բարի, լուսավոր, պատվախնդիր… Ես մտածում եմ ծնողներիդ հետ մեր հանդիպման մասին ու նրանց մխիթարելու բառեր չեմ որոնում: -Ես հպարտ եմ, որ Ռոբերտի ընկերն եմ եղել: -Ես հպարտ եմ, որ դաս եմ տվել Ռոբերտին: -Ես հպարտ եմ, որ ճանաչել եմ նրան: Լսո՞ւմ ես: Դու սա՞ էիր երազում, այս փառքը, այս արծվային թռիչքը: Դե, վայելի՛ր լիուլի… Ես հավատում եմ հոգու անմահությանը: Ես վստահ եմ, որ մենք բոլորս հատուցելու ենք կամ վարձատրվելու մեր ապրած յուրաքանչյուր րոպեի, մեր լավ ու վատ գործերի համար և՛ երկրային կյանքում, և՛ երկնային հավերժության մեջ: Ես վստահ եմ, որ դու մեզ հետ ես, դուռը բացում, ինձ հետ մտնում ես ներս, տեսնում ես մորդ աչքերի բաց-կապույտ տխրությունը, լսում ես հորդ զսպված հառաչը, ձեռքդ դնում ես պապիդ ուսին հին օրերի նման, կրծքիդ ես սեղմում փոքրիկ եղբորդ: Հետո ինձ հետ թերթում ես սեղանին թափված հարյուրավոր լուսանկարները ու վերհիշում: …Այստեղ ոչ ոք անցյալ ժամանակով չի խոսում քո մասին, ոչ ոք չի պատմում, թե ինչ եղավ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը… Ոչ ոք չի հիշում, թե ինչպես ես գումարտակի հրամանատարին ասել` բոլորը զոհվել են, մնացել եմ ես ու մի նռնակ: Դիրքը չհանձնեք թուրքին: Թե ինչպես ես մինչև վերջին փամփուշտը կրակել, ու երբ հասկացել ես, որ օգնության շտապող ծառայակիցներդ չեն հասցնելու փրկել կյանքդ, սպասել ես՝ ադրբեջանցի զինվորները մոտենան, շատ մոտենան.. ու պայթեցրել ես նռնակը` վերջին պահին` մեռնելուց առաջ խլելով քեզ շրջապատած ազերիների կյանքը: Ոչ ոք չի խոսում քո շնորհիվ ողջ մնացած զինվորի մասին, որին տեղավորել ես թաքստոցում և վերադառնալով շարունակել կռիվդ՝ քեզ վստահված դիրքը պաշտպանելու համար: Քո հարազատները անցյալում են ապրում, որտեղ դու ողջ ես. որտեղ երեք տարեկանից խանութ ես գնում հարևաններիդ համար, որտեղ քո` երկուսից յոթանասուն տարեկան ընկերներն են` իրենց անվերջանալի հիշողություններով, որտեղ քո կատակներն են… քո ապրած կյանքը: …Կողքից նայողը կմտածի` գժվել ենք: Մենք ծիծաղում ենք: Քո մասին ենք խոսում ու ծիծաղում ենք: Ծաղիկների միջից քո նկարն էլ է ծիծաղում մեզ հետ: …Ու մի պահ թվում է, թե մենք էլ ենք արծիվ ու թռչում ենք… hayzinvor.am  

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Քուվեյթում իրանական հարձակման հետևանքով վեց մարդ է վիրավորվել Ինչո՞ւ են մարզպետներն ու նրանց տեղակալները թաքցնում իրենց պարգևավճարները. «Հետք» Էս երեխեն 15 հազար դոլար պարտք ունի արդեն իրա վրա․ գյուղացին՝ Գագիկ Ծառուկյանին (video) Հայաստանցի ընտրողը արդեն հասկացել է, որ փաշինյանական ոճի միակողմանի ու ոչ մի տեղ չտանող «եվրոռեվերանսները» խիստ անբովանդակ և նույնիսկ վտանգավոր են Հայաստանի համար․ Օսկանյան «Նառկամանի մամա՛, քեզ եմ ասում՝ ո՞վ ես դու, որ Դավիթի մասին նման հայհոյանք գրես»․ Նաիրա Զոհրաբյան (video) Ամերիկացիներն Իրանում 7 օդանավ են կորցրել. CNN «Ալենը սարսափելի վատացրել է Փաշինյանի վիճակը․ Նիկոլին ոչինչ չի փրկելու»․ Հայկ Այվազյան (video) Իրանը մեղադրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն անգործության մեջ Եկեղեցու դեմ արշավը հասել է բա՞նտ. ինչու է արգելվել Տեր Գրիգորի մուտքը ՔԿՀ. aysor.am Պուտինը Փաշինյանին ասաց՝ կամ ա՛ջ, կա՛մ ձախ․ Գագիկ Ծառուկյան (video) Իրանի զինուժը վճռականորեն կարձագանքի երկրի էներգետիկ ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակմանը. Արաղչի Դուք ձեր հորինած «ուժը» բանեցնում եք 18-ամյա երեխայի վրա, ով նույնիսկ ոտքի վրա կանգնել չի կարողանում. Հայտարարություն Թուրքական երեք նավ անվտանգ անցել են Հորմուզի նեղուցը ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և նրբանկատ լինի Հայաստանի հետ իր հարաբերություններում․ Լուկաշենկո Եթե Ռուսաստանն անցավ իր սպառնալիքները իրականացնելուն, ո՞նց եք տակից դուրս գալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Արթուր Դավթյանը ոսկի է նվաճել 2026 թվականի Աշխարհի գավաթի առաջնությունում «Շանգրի-Լա» խաղատան դիմաց բախվել են «Chevrolet»-ը և «Kia»-ն․ ճանապարհը մասամբ փակվել է Եռակողմ ձևաչափով ռուս-ուկրաինական կարգավորման բանակցային գործընթացն առայժմ դադարեցված է. Պեսկով 24-ամյա Սարգիս Զեյնալյանի սպանության գործով դատարանում ծեծկռտուքի գործով երեք անձ կալանավորվել է ԵԽ նախագահը դիվանագիտությունն է համարում Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման միակ ուղին Երևանում ապրիլի 6-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև Պետական անվտանգությունը կառուցվում է ոչ միայն արտաքին դիվանագիտական կապերով, այլ նաև տնտեսական 18-ամյա Դավիթին տեղափոխել են պալատ, այսօր անգամ գլուխը բարձից վերև չէր կարողանում բարձրացնել Ինչու՞ են զինվորները շաբաթը մեկ լողանում․ ՊՆ փոխնախարարի արձագանքը Հայկ Սարգսյանի մեղադրանքներին (video) Անդրանիկ Քոչարյանը Փաշինյանի դեմ է դուրս եկել․ Հայկ Սարգսյանը փակագծեր է բացում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am