SOCAR-ը ձգտում է մեծացնել նավթի ու գազի արդյունահանումը
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) զարգացման ռազմավարության շրջանակներում ծրագրում է 2016-2017 թվականներին Կասպիցի ադրբեջանական սեկտորում կառուցել 9 ենթակառուցվածքային հիմք՝ նավթագազային 81 հորատանցքի համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը՝ ընդգծելով, որ դա ազդակ կհաղորդի երկրում ածխաջրածինների արդյունահանման մեծացման համար: «Գյունշելիում գազային նոր հարթակը կդառնա անկախ Ադրբեջանի պատմության մեջ առաջինը, որը ամբողջովին նախագծվել ու կառուցվել է SOCAR ընկերության կողմից: Հարթակը նախատեսված է 20 հորատանցքի համար, որոնցից 6-ը՝ գազային, իսկ 14-ը՝ նավթային: Մոտավոր հաշվարկներով՝ յուրաքանչյուր նավթահորից ծրագրված է օրական արդյունահանել 100 տոննա նավթ ու 15.000 խառը գազ, իսկ գազային հանքավայրից՝ 150.000 խորանարդ մետր գազ ու 15 տոննա կոնդենսատ»,- ասել է Աբդուլաևը:
