Անկարայի զգուշավոր հիստերիան

«Մեր պատմության մեջ ամոթալի իրադարձություն չկա», արդարանում է Անկարան Պաշտոնական Անկարան ինչպես և սպասվում էր, բավական կոշտ արձագանքեց Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Բեռլինում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Կարսլուօղլուն բանաձևի ընդունումից անմիջապես հետո կանչվել է Անկարա, իսկ Թուրքիայի ղեկավարները մեկը մյուսի հետևից հանդես են գալիս Գերմանիայի որոշումը դատապարտող հայտարարություններով: «Բունդեսթագի ընդունած որոշումը լրջորեն կանդրադառնա թուրք-գերմանական հարաբերությունների վրա», - հայտարարել է Քենիայում գտնվող Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ խոստանալով հետագա քայլերը մանրամասնել երկիր վերադառնալուց հետո: Վարչապետ Բինալի Յըլդըրըմը գերմանացի օրենսդիրների որոշումը սխալ է համարում՝ հայտարարելով, թե Թուրքիան չի ամաչում իր պատմությունից․ - «Թուրք ժողովրդի անցյալը հայտնի է․ այս ժողովուրդը հպարտանում է իր անցյալով: Մեր պատմության մեջ ամոթալի իրադարձություն չկա»: Յըլդըրըմը հավելել է, որ բանաձևի ամբողջական տեքստին ծանոթանալուց հետո կձեռնարկվեն «հստակ քայլեր»: Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «Թվիթեր»-ում կատարած գրառմամբ համոզմունք է հայտնել, թե «այս որոշմամբ Գերմանիան փորձում է փակել իր պատմության մութ էջերը»: Իսկ Արտգործնախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, թե Բունդեսթագի ընդունած բանաձևը «օրենքի նկատմամբ արհամարհանք է»․ «Դրանով պատմությունը քաղաքականացվում է, ինչը թույլ չի տա ազատորեն քննարկել պատմական խնդիրները»: Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը նույնպես «Թվիթեր»-ում է արտահայտել իր դժգոհությունը և հավելել է․ - «Անկարան բոլոր հարթակներում կպատասխանի Բունդեսթագի որոշմանը, որը իրավական ոչ մի ուժ չունի»: Քուրթուլմուշը կրկին պնդել է, թե այս հարցով պետք է զբաղվեն ոչ թե քաղաքական գործիչներն ու խորհրդարանները, այլ գիտնականներն ու պատմաբանները: Գերմանացի օրենսդիրների գրեթե միաձայն որոշմանը արձագանքել է նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հայազգի պատգամավոր Մարգար Եսայանը: Պաշտպանելով իշխանության տեսակետը՝ նա համոզմունք է հայտնել, որ ընդունված որոշումը լիովին քաղաքական է և հայերին չի վերաբերում: Եսայանը հավելել է, թե այս խնդիրը հայերը և թուրքերը պետք է լուծեն և ոչ թե Գերմանիայի ու Միացյալ Նահանգների խորհրդարանները: Թուրքիայի խորհրդարանը պատրաստվում է միասնական հայտարարությամբ արտահայտել իր բողոքը, որին, սակայն, չի միանա քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը։ Իսկ ընդդիմադիր ամենամեծ՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Օզթուրք Յըլմազը հայտարարել է, թե ընդունված բանաձևը Թուրքիայի դեմ օգտագործվող քաղաքական գործիք է, որը վնաս է հասցնելու ինչպես թուրք-գերմանական, այնպես էլ հայ-թուրքական հարաբերություններին: Անկարան սպառնում է. «Լուրջ ազդեցություն կթողնի Գերմանիայի հետ հարաբերությունների վրա» Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ով պաշտոնական այցով գտնում է Քենիայում, Բունդեսթագի ընդունած բանաձևի հետևանքների մասին հայտարարել է, որ այն «լուրջ ազդեցություն կթողնի հարաբերությունների վրա»: Նայրոբիում ասուլիսում, որը թուրքական հեռուստաընկերությունը ուղիղ հեռարձակում էր, Էրդողանն ասել է՝ Գերմանիայից Թուրքիայի դեսպանի վերադարձից հետո կառավարությունը կքննարկի, թե Անկարան ինչ պատասխան քայլեր կկատարի: Ստամբուլի ոստիկանությունը շրջապատել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը: Իրավապահ մարմինների աշխատակիցները փակել են դեպի շինություն տանող փողոցները, ինչպես նաև տեղակայել են ջրցան մեքենաներ: Այդ միջոցներն ընդունվել են հյուպատոսության շենքի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի կապակցությամբ, որի մասնակիցները դեմ են արտահայտվում Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման դեմ: Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ճանաչումը: Հայտարարության մեջ նշված է. «Գերմանիայում, որտեղ քաղաքացիները կարող են ազատ իրենց դիրքորոշումը հայտնեն տարբեր հարցերի շուրջ, 1915թ. դեպքերի վերաբերյալ ձևավորվել է ճնշման ու կանխակալության մթնոլորտ: Փոխանակ ուսումնասիրելու ու պարզելու 1915թ. դեպքերը, փորձեր են ձեռնարկվում թելադրելու հայկական պնդումները, ինչի համար Գերմանիայում արդեն երկար տարիներ իրականացվում է լայնամասշտաբ աշխատանք. նկարահանվում են ֆիլմեր, հրատարակվում են գրքեր: Այդպիսով, ձգտում են ճնշում գործադրել գերմանական հասարակության վրա: Մենք ընդգծում ենք, որ Գերմանիայի Դաշնային խորհրդարանի այսօրվա որոշումն ամոթալի է Բուդեսթագի հանդեպ վստահության տեսանկյունից: Նմանատիպ բանաձևերը միտված են պատմությունը քաղաքականացնելուն, պատմական դեպքերի վերաբերյալ ազատ քննարկումների մթնոլորտի զարգացմանը: Տվյալ փաստաթուղթը իրավունքի հանդեպ անհարգալից վերաբերմունքի օրինակ է: 1915թ. իրադարձությունների շուրջ տարաձայնությունների վերացման միակ ուղին երկխոսությունն ու արդար դիրքորոշումն է: Թուրքիան ձգտում է կիսել օսմանյան հայերի վիշտը, կարևոր քայլեր է ձեռնարկում հայ ժողովրդի մշակութային արժեքների պաշտպանության համար և փոխզիջման ուղիներ է հարթում երկու ժողովուրդների միջև, և նա սովորելու բան չունի Գերմանիայի դաշնային խորհրդարանից: Նաև թուրքական զգուշավորություն Եթե Գերմանիայի Դաշնային խորհրդարանը հիրավի հետաքրքրված է Օսմանյան պետության ժամանակաշրջանի դեպքերի հետազոտմամբ, ապա նա կարող է ներդրում ունենալ գիտական համատեղ հանձնաժողովի ձևավորման մեջ, որի նախաձեռնությամբ Թուրքիան հանդես է եկել դեռևս 2005-ին: Թուրքիայի հանդեպ գերմանացի պատգամավորների կանխակալ վերաբերմունքի պատճառը թուրքերի ու իսլամի հանդեպ հակակրանքն է, որը երբեմն հասնում է մինչև ռասիզմի բաց դրսևորումների, ինչպես նաև Գերմանիայի արտաքին քաղաքական ու ներքաղաքական զարգացումները»: Թուրքիայի ԱԳՆ-ն անթույլատրելի է համարել թուրքական ծագմամբ Գերմանիայի քաղաքացիներին «ասիմիլացնելու» փորձերը` ընդգծելով, որ նրանք մեծ ներդրում են ունեցել այդ երկրի քաղաքական, տնտեսական ու սոցիալ-մշակութային կյանքի համար: Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քաղաքական երեք ուժերը համատեղ հայտարարություն են տարածել` կապված Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հետ: Դրանում նշված է. «Մենք` թուրք ժողովրդի ներկայացուցիչներս, չենք ընդունում ու վճռականորեն դատապարտում ենք Գերմանիայի դաշնային խորհրդարանի անարդար որոշումը, որը հենված է 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղահանման գործընթացի վերաբերյալ հայերի անհիմն պնդումների վրա»: Ընդգծվում է, որ փաստաթղթի վրա իրենց ստորագրություններն են դրել իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) և «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ): Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ) չի միացել նրանց: Հետաքրքրական է, սակայն, որ Բունդեսթագի որոշումից մեկ օր հետո արդեն Թուրքիայի վարչապետը որոշակի խմբագրված հայտարարությամբ է հանդես եկել... Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Ադրբեջան մեկնելուց առաջ կրկին մեկնաբանել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ճանաչումը. «Մենք կուսումնասիրենք այդ որոշման իրական պատճառները և անհրաժեշտ պատասխան կտանք: Ընդ որում՝ Թուրքիան ու Գերմանիան երկու կարևոր դաշնակից են, և թող ոչ ոք չակնկալի, որ Բեռլինի ու Անկարայի հարաբերությունները կփլուզվեն անմիջապես ու ամբողջությամբ: Սակայն դա ընդհանրապես չի նշանակում, որ տվյալ բանաձևը անպատասխան կմնա և Թուրքիան չի ասի իր խոսքը»: Թուրքական հիստերիան, անկասկած, մի որոշ ժամանակ կտևի, բայց Անկարան չի կարող Գերմանիայի հետ դաշնակցային հարաբերությունները հողին հավասարեցնել թեկուզ այն պատճառով, որ այդ երկրում միլիոնավոր թուրքեր են բնակվում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Դուք մոլորեցրել եք հանրությանը․ Գեղամ Մանուկյանի կոշտ խոսքը՝ Քննչական կոմիտեի նախագահին (video) Ձեր մեծ խայտառակությանն ադրբեջանցիների գիտե՞ք՝ ինչ սարսափելի ձևով արձագանքեցին․ Նարինե Դիլբարյան (video) Ռուսաստանը սպառնում է կոշտ պատասխան տալ Սահմռկեցուցիչ մանկապղծություն, երեխայի սպանություն, վենդետա․․․ Փաշինյանի արձագանքը՝ իրավապահներին (video) «Երեխաները խոսում են ու դողում․ ասում են՝ «Չասեք իրենց, մեզ կսպանեն»»․ինչ է պատմում մանկապղծության ենթարկված երեխաների հարևանուհին Տգիտության արդյունքում վնասվել է Երևանի բացառիկ հուշարձան-շենքը. Հայկ Դեմոյան Զելենսկու այցը Երևան իրենց ապագան ցույց տվեց, եթե․․․ Մարիա Զախարովա (video) «Չներկայանաք՝ բերման կենթարկենք». Վեդիում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներին հրավիրել են ՔԿ Հարբած ադրբջանցիներ էին քայլում, ես ոստիկաններին ասացի, ու․․․ Էլեանորա Մանանդյան (video) Բա սա ընտրակաշառք չի՞․ Սափեյանը ընտրություններից առաջ 11 միլիոն է բաժանում․ Փաշինյանի արձագանքը (video) Իշխանության փոփոխությունը կենսական անհրաժեշտություն է նաև հենց Նիկոլ Փաշինյանի համար. Հակոբ Բադալյան Ես Եվրամիության անդամ երկրի անձնագիր ունեմ, Փաշինյանը չունի. Կարապետյան Նիկո՛լ, բա ասում էիր՝ Սամվել խոսա՛, խոսում է, դատի՞ ես տալիս․ Մեսրոպ Եսայան (video) Բետոնե սալիկներն ընկել են 37-ամյա տղամարդու վրա Երևանի փոխքաղաքապետը ինքնաբացարկ է հայտնում Նախանձում է. Զախարովայի պատասխանը Մեդվեդևը ձեզ և Զելենսկուն «2 անուղեղ ռուսաֆոբներ» է ասել, ո՞նց կարձագանքեք․ հարց՝ Փաշինյանին (video) Դուք հիմա թղթի վրա ջնջում եք մի բան, որը հնարավոր չէ ջնջել իրական հողի վրա «Ի՞նչ է մոռացել Գերմանիան Խաղաղ օվկիանոսում։ Գուցե Բեռլինից մինչև օվկիանոս ստորգետնյա թունե՞լ են փորել». Զախարովա Տղերք ջան, ձեզ համար ՀՀ-ում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ. Գագիկ Ծառուկյան Այդ անձինք չեն կարող ազատվել վաղեմության ժամկետների կիրառման հիմքով. Վարդապետյանը՝ «Մարտի 1»–ի գործի մասին Դպրոցներին կեղծ նամակներ են ուղարկվում. ԿԳՄՍ նախարարությունը զգուշացնում է Մակրոնը Հունաստանն էլ է փորձում մանրադրամ դարձնել Թուրքիայի դեմ. Էրդողանը սպառնում է, որ կկրկնվեն 100 տարվա իրադարձությունները Հիմա ասե՛ք՝ Փաշինյանը գործակա՞լ է․ լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (video) Ռուսաստանի կոշտ արձագանքը Փաշինյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am