Թուրքիան անհամարժեք է արձագանքում Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
RIA Novosti-ի փոխանցմամբ` Թուրքիայի արձագանքը Հայոց ցեղասպանության ճանաչման Բունդեսթագի որոշմանը անպատշաճ է, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Ենթադրում եմ, որ դա, ի վերջո, բխում է Թուրքիայի՝ մի շարք հարցերում գործընկեր լինելու իրական ցանկության բացակայությունից, պարբերաբար սկանդալներ կազմակերպելու, իր գործընկերներին վիրավորելու, այդ թվում՝ Եվրոպայում, նրա փորձերից: Համարում եմ, որ նրանց արձագանքը Բուդեսթագի որոշմանը բացարձակապես անպատշաճ է»,- ասել է Լավրովը Rossia 1 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ: Նրա խոսքով Մոսկվան գերմանական խորհրդարանի որոշումը դիտարկում է միայն որպես պատգամավորների կամքի արտահայտություն: «Հավանաբար դեր են կատարել որոշ նկատառումներ, որոնք այս քվեարկության նախաձեռնողներին դրդել են առաջարկել, որ դա հենց հիմա արվի, բայց ես չեմ կարող այս թեմայով ինձ շահարկումներ թույլ տալ: Բնականաբար մենք իմացել ենք, որ պատրաստվում է նման քվեարկություն, բայց միայն ամենավերջին պահին»,- ասել է Լավրովը:
