Սա նոր քարոզչական զենք է, որը մեր հակառակորդները փորձելու են օգտագործել մեր դեմ. ԵԽԽՎ պատվիրակության անդամ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված հակահայկական զեկույցները խախտում են վեհաժողովի կանոնակարգը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը: Նշենք, որ խոսքը վերաբերում է Ռոբերտ Ուոլթերի եւ Միլիցա Մարկովիչի հեղինակած երկու նախագծերին, որոնցից առաջինը վերնագրված է «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում», իսկ երկրորդը՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից»: «Այդ զեկույցները խախտում են ԵԽԽՎ կանոնակարգի կետերից մեկը, որը նախատեսում է համակողմանի ուսումնասիրություն և զեկուցողի պարտադիր այցելություն խնդրո առարկա հանդիսացող տարածաշրջան: Դուք գիտեք նաև, որ զեկույցներից մեկի հեղինակ Ռոբերտ Ուոլթերի կինը Ադրբեջանի քաղաքացի է և այնտեղ մեծ կապեր ունի: Ուոլթերն էլ Թուրքիայի քաղաքացիություն է ստացել և ունի հակահայկական մոտեցումներ: Նա այդ զեկույցում գրել է, որ Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանի քաղաքացիներ են տեղահանվել, սակայն ոչ մի խոսք չկա այն մասին, թե որքան հայեր են այդ տարածքից տեղահանվել: Այսինքն, նման զեկույցով փորձ է արվում թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանը»,-նշեց Բաբայանը: Պատգամավորը վստահեցրեց, որ ոչ միայն ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը, այլ նաև Հայաստանի արտաքին քաղաքականությամբ զբաղվող բազմաթիվ պաշտոնյաներ բոլոր ջանքերը գործադրել են՝ այդ զեկույցների քվեարկության օրը հաջողություն գրանցելու համար: «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի արդյունքները մեզ համար լինեն դրական: Ես հիմա չեմ կարող շատ բան ասել մեր քայլերի մասին, բայց վստահեցնում եմ, որ բոլոր ջանքերը գործադրվել են և գործադրվելու են», ասաց Բաբայանը: Բաբայանը հավելեց, որ այդ զեկույցների ընդունումը խախտելու է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Պատգամավորի խոսքով՝ ԵԽԽՎ ն այն հարթակը չէ, որտեղ կարող են հնչել հայտարարություններ, որոնք դուրս են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններից: «Սա նոր քարոզչական զենք է, որը մեր հակառակորդները փորձելու են օգտագործել մեր դեմ», ընդգծեց պատգամավորը: Լրագրողի դիտարկմանը, թե ի՞նչ է անելու պավիրակությունը, եթե բանաձեւերն ընդունվեն, Վահան Բաբայանը պատասխանեց. «Ես չեմ ուզենա Կիկոսի մահի նման պատկերացնել: Մենք ունենք մշակած քայլեր, որոնք պետք է իրականացվեն այս կամ այն սցենարի դեպքում, բայց դրա մասին ասելու պատեհություն չկա»,-եզրափակեց Բաբայանը: Աստղիկ Ավագյան
