Մոհամեդ Ալին մահամերձ է
Նախօրյակին ԱՄՆ-ի Ֆինիկս քաղաքի հիվանդանոց տարված 74-ամյա բռնցքամարտիկ Մոհամեդ Ալին մահամերձ է: Այդ մասին հայտնել է բրիտանական Mirror պարբերականը` հղում կատարելով նախկին սպորտսմենի բարեկամներին: Ներկա պահին Ալին գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժնում, սակայն բժիշկները արդեն նրա երեխաներին հայտնել են, որ «վերջը մոտ» է: Բժիշկները դիտարկել են նրան այլ հիվանդանոց տեղափոխելու հնարավորությունը, սակայն համարում են, որ դա կարող է հիվանդի համար լինել մահացու: Հունիսի 2-ին սպորտսմենի ներկայացուցիչ Բոբ Գանելը հայտարարել էր, որ Ալին հոսպիտալացվել է ստուգման համար, նա հաստատել էր, որ սպորտսմենը գտնվում է նորմալ վիճակում: Վերջին մի քանի տարում բռնցքամարտիկը տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ: Ալին 1960 թվականի օլիմպիական չեմպիոն է, ինչպես նաև աշխարհի բացարձակ չեմպիոն:
