Գողթեցիները ճանապարհը բացեցին՝ պայմանով
Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչները բացել են գյուղ տանող ճանապարհը. այն փակ էր դեռևս առավոտվանից: Ճանապարհը բացվեց այն բանից հետո, երբ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը հանդիպեց բնակիչներին և խոստացավ դադարեցնել Գեղարդալճի շինաշխատանքները: Գյուղացիները համաձայնեցին բացել ճանապարհը միայն այն բանից հետո, երբ շինաշխատանքները դադարեցնեն և տեխնիկան դուրս բերեն։ Բողոքի ակցիայի մասնակիցներից Արուսյակ Այվազյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Գուլոյանը փորձել է զրույցներ ունենալ բնակիչների հետ, նրանց համոզել, որ Գեղարդալճից դեպի այլ համայնքներ ջուր ուղղելու ծրագիրը լավն է, բայց գողթեցիները չեն համաձայնել: Գուլոյանն ասել է նաեւ, որ հանրային քննարկումներ կսկսվեն այդ թեմայով: Ի պատասխան գողթեցիներն ասել են, որ իրենց այս պահի պահանջը հստակ է. դադարեցնել շինարարական աշխատանքները եւ շինտեխնիկան դուրս բերել Գեղարդալճի տարածքից: Հետո միայն, հնարավոր է, մասնակցեն հանրային քննարկումների:
