ՀՀ-ն անդամակցեց ԵՏՄ-ին եւ արյուն է ծորում. Նիկոլ Փաշինյան
ԱԺ-ի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է ԵՏՄ-ից դուրս գալու՝ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հեղինակած նախագիծը: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցի վերաբերյալ ելույթ ունենալով՝ հիշեցրեց, որ ինքն ԱԺ-ում դեմ է քվեարկել ԵՏՄ-ին միանալու համաձայնագրին եւ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին համարում է քաղաքական սխալ: «ԵՏՄ-ի անդամակցության ժամանակ ասվում էր, որ առաջին հերթին լուծվում է անվտանգության խնդիր, բայց հատկապես այսօր եւ հիմա մենք տեսանք, որ անվտանգության այն մտահոգությունները, որ մենք ունենք՝ ոչ միայն լուծված չեն, այլեւ ավելի ահագնանում են հենց ԵՏՄ-ի կոնտեքստում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով պատգամավոր Արտաշես Գեղամյանի այն դիտարկմանը, թե Ուկրաինան չանդամակցեց ԵՏՄ-ին՝ արյուն է ծորում, Մոլդովան չանդամակցեց՝ արյուն է ծորում, Վրաստանը չանդամակցեց՝ արյուն է ծորում, ասաց. «ՀՀ-ի արյունը չեք նկատու՞մ, որ սկսել եք ուրիշների արյան դարդը լացեք: ՀՀ-ն անդամակցեց ԵՏՄ-ին եւ արյուն է ծորում: Ոչ միայն արյուն է ծորում, այլեւ Եվրասիական տնտեսական միությունն ամենավճռական պահին ՀՀ-ի նկատմամբ դավաճանական քայլ արեց՝ պատերազմի պիկին հետաձգելով ՀՀ-ում ԵՏՄ-ի վարչապետների, կառավարության ղեկավարների հանդիպումը, բայց ես ուզում եմ նաեւ ասել, որ ես դեմ եմ, որ ՀՀ-ն ԵՏՄ-ից դուրս գալու ընթացակարգ սկսի»:
