Ռուսաստանը սահմանում է նոր համաշխարհային կարգ և դրան անհրաժեշտ է հակազդել. Խիդաշելի
Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հայտարարել է, որ Ռուսաստանը սահմանում է նոր համաշխարհային կարգ և դրան անհրաժեշտ է հակազդել, հայտնում է Apsny.ge-ն: «Կարծում եմ, որ այսօր Եվրոպան, ինչպես նաև գլոբալ անվտանգությունը վտանգի տակ է։ Գոյություն ունի երկիր, որը սահմանում է նոր միջազգային իրավունք, նոր միջազգային կարգ, և փոխում է ամեն ինչ, ինչի մասին պայմանավորվել է քաղաքակիրթ աշխարհը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այսօր մենք տեսնում ենք աշխարհ, որը գնում է Կրեմլի գործողությունների հետևից: Ինչ-որ չափով մենք գտնվում ենք պատասխան ռեժիմում: Մենք արձագանքում ենք նրանց գործողություններին, և հենց դա բարդացնում է իրավիճակը»,- հայտարարել է Խիդաշելին Լեհաստանի Վրոցլավ քաղաք այցի ժամանակ: Նա նշել է, որ Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հուլիսին հնարավորություն կտա ապացուցելու, որ դաշինքը մնում է միասնական կառուցվածք: «Կցանկանայի, որ Վարշավյան գագաթնաժողովը դառնար հնարավորություն Ռուսաստանին ապացուցելու, որ դաշինքն ինքն է որոշում ընդունում, և Ռուսաստանը վետոյի ուժ չունի ոչ մի որոշման մեջ»,- նշել է նա:
