Հաջորդ փուլը կանցկացվի հունիսին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ռուսաստանցի դեսպան Իգոր Պոպովը, ամերիկացի դեսպան Ջեյմս Ուորլիքը, ֆրանսիացի դեսպան Պիեռ Անդրիոն) մայիսի 31-ին Բրյուսելում հանդիպում են անցկացրել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, իսկ հունիսի 2-ին Փարիզում հանդիպել են ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հետ` քննարկելու մայիսի 16-ին` Վիեննայի գագաթնաժողովում ընդունված որոշումների իրագործման հարցը: Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ կայքը` հանդիպումներին ներկա է գտնվել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարները վերահաստատել են իրենց հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Համանախագահները արտգործնախարարների քննարկմանն են ներկայացրել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և ԵԱՀԿ քննչական մեխանիզմ ստեղծելու մասին նախագծային փաստաթղթերը: Նախարարներն, իրենց հերթին, հաստատել են նախագահների համաձայնությունը հունիսին կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին մասնակցելու համար` նպատակ ունենալով վերականգնելու համապարփակ լուծում գտնելուն ուղղված բանակցային գործընթացը:
