«Թիկունքից հարված» Թուրքիան չէր սպասում
Երեկ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու Թուրքիայի կողմից իր դեսպանին հետ կանչելու մասին նորությանն անդրադարձ է կատարել «Россия Сегодня» միջազգային մեդիախմբի վերլուծաբան Ռոստիսլավ Իշչենկոն: Թվում է, թե ինչի՞ց է այդ անիմաստ աղմուկը: Եվրոպայի կեսը, այդ թվում՝ Ֆրանսիան, վաղուց ճանաչել է ցեղասպանության փաստը, և Թուրքիան չի նյարդայնանում, անգամ՝ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի մասին բանակցություններ է վարում: Իսկ այստեղ նման արձագանք է Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԵՄ-ի անդամ երկրների թվի ընդամենը նվազագույն ընդլայնվելուն: Բանն այն է, որ Թուրքիան հենց Գերմանիայից նման «թիկունքից հարված» չէր սպասում: Եվ հարցը միայն փախստականների վերաբերյալ Էրդողանի հետ կնքած համաձայնության արդյունավետության հարցում Մերկելի շահագրգռվածությունը չէ: Վերջիվերջո, օրերս Եվրախորհրդարանը հստակ հասկացնել է տվել, որ չի քվեարկի Անկարայի հետ առանց վիզայի ռեժիմի օգտին, այնպես որ, փախստականների վերաբերյալ համաձայնագիրն, այսպես թե այնպես, վտանգի տակ է հայտնվել: Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը բացատրելի էր, այնտեղ հզոր և ազդեցիկ հայկական համայնք կա: Իսկ Գերմանիայում, հակառակը, զգալի ազդեցություն ունեին այնտեղ ապրող միլիոնավոր թուրքերը: Բացի այդ, Գերմանիան Թուրքիայի դաշնակիցն էր Առաջին աշխարհամարտի տարիներին։ Թուրքական բանակում և նավատորմում զգալի թվով գերմանացի ռազմական խորհրդատուներ են եղել։ Գերմանիան հնարավորություն ուներ ազդեցություն գործելու թուրքական քաղաքականության վրա: Գերմանիան, թեկուզև անուղղակի, բայց Թուրքիայի հետ ցեղասպանության համար պատասխանատվություն է կրում: Այդ ամենն Անկարային հիմք էր տալիս այդ հարցում գերմանական բարենպաստ դիրքորոշման անփոփոխության հույս ունենալ: Հաշվի առնելով ԵՄ-ում Գերմանիայի ունեցած առաջատար դերը՝ դա կրկնակի կարևոր էր: Ինչպես տեսնում ենք՝ Գերմանիան բոլոր հիմքերն ուներ պահպանելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը և չշտապելու: Դա ակնհայտորեն գերմանական քաղաքականության ամենաակտուալ խնդիրը չէ: Սակայն հարցը մտցվել է օրակարգ, ընդ որում, իշխող կուսակցության մասնակցությամբ:
