Նազմի Գյուր. Ես և իմ կուսակիցները պայքարելու ենք ժողովրդավար իրավունքների համար
Թուրքիայի ներքին քաղաքական մթնոլորտը շատ լարված է, ինչը վախեցնում է թուրք գործիչներին, ասաց Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նազմի Գյուրը Երևանում լրագրողների հետ զրույցում:
«Թուրքիայում ներքին քաղաքական մթնոլորտը շատ լարված է: Իրադարձությունները շատ դինամիկ են զարգանում, ամեն օր մի նոր անակնկալի ենք ականատես լինում»,-հայտնեց ազգությամբ քուրդ գործիչը:
Այդուհանդերձ, վերջինիս խոսքով, իրենք իրենց վախը ցույց չեն տալիս: «Թուրքիայի պատգամավորների անձեռնմխելիությունը սահմանափակելու վերաբերյալ օրինագիծը, ինչպես գիտենք, ուղղված է մեր կուսակցության դեմ: Այս հարցում վերջնական լուծում է տալու Թուրքիայի նախագահը և եթե նա այդ օրինագիծը օրինականացնի, ապա մի շարք պատգամավորներ կձերբակալվեն, ինչի հետևանքով լուրջ խնդիրներ կառաջանան»,-ասաց նա:
Նազմի Գյուրը ընդգծեց, որ ինքը և իր կուսակիցները, այդ թվում հայազգի պատգամավոր Գարո Փայլանը, չեն ընկրկելու և պայքարելու են իրենց ժողովրդավար իրավունքների համար:
