«Անալիտիկ»-ի տնօրենը տեղափոխվել է այլ խուց
«analitik.am» լրատվական կայքի գործադիր տնօրեն Անի Հովհաննիսյանը տեղափոխվել է այլ խուց: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական խմբի ղեկավար Ռուբեն Սարգսյանը, օրեր առաջ խմբի անդամները պլանային այցելություն էին կատարել «Աբովյան» ՔԿՀ եւ մտել նաեւ այն խուցը, որտեղ գտնվում էր Անի Հովհաննիսյանը: Նա խմբի անդամներին տեղեկացրել էր, որ ցանկանում է տեղափոխվել այլ խուց եւ դիմում է ներկայացրել պետի անունով: «Այսօր արդեն դիմումը բավարարվել է»,- նշեց Ռուբեն Սարգսյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ Անի Հովհաննիսյանը այլ խուց տեղափոխվելու խնդրով, նաեւ խմբի անդամներին էր դիմել: Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել «analitik.am» լրատվական կայքի գործադիր տնօրեն Անի Հովհաննիսյանին եւ աշխատակից Վարդիթեր Գիշյանին՝ ՀՀ ԱԺ պատգամավորից շորթում կատարելու համար: Նախաքննությամբ պարզվել է, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար ՀՀ ԱԺ պատգամավորի անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև վերջինիս գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել նրա հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու և հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազ. ՀՀ դրամ:
