Վրաստանի ու Չինաստանի հարաբերությունները զարգանում են հաջողությամբ. Կվիրիկաշվիլի
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ու Չինաստանի Պետխորհրդի փոխվարչապետ Չժան Գաոլին Թբիլիսիում տեղի ունեցած այսօրվա հանդիպման ժամանակ քննարկել են երկու երկրների միջև համագործակցությունը: Կողմերը քննարկել են Նոր Մետաքսե ճանապարհի հնարավորությունները, ինչպես նաև Վրաստանի տարանցիկ պոտենցիալի զարգացման հեռանկարները: Քաղաքական գործիչներն ընդգծել են, որ տնտեսական ու ենթակառուցվածքային նախագծերի զարգացումը բարձրացնում է երկու երկրների համագործակցության կարևորությունը: Կվիրիկաշվիլին հայտարարել է. «Ես ուրախ եմ, որ Վրաստանի ու Չինաստանի հարաբերությունները զարգանում են հաջողությամբ, և ձեր այցը դրա վկայությունն է: Վրաստանը վիթխարի նշանակություն է տալիս Չինաստանի հետ գործընկերությանը: Վրաստանը բաց է չին ժողովրդի, չինական ներդրումների ու նորարարական գաղափարների համար»:
