Վիրավորված զինվորի բուժման համար վճարում են ՊՆ արտաբյուջետային միջոցներից
Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց,որ քառօրյա պատերազմի ժամանակ Արցախում վիրավորված Ռուբեն Առաքելյանի բուժման համար վճարում են ՊՆ արտաբյուջետային միջոցներից: Այդ միջոցներից Բոննի համալսարանական կլինիկային են փոխանցել 43 հազար եվրո: « Այդ կլինիկայում Ռուբենի համար մեծ զեղչ են արել: Այնտեղ բուժումն իրոք շատ թանկ է, սակայն ի՞նչը կարող է ավելի թանկ լինել, քան զինվորի կյանքը»,- հարցրել է նա: Ռուբենի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը նշեց, որ Ռուբենը Գերմանիայի հետ մեծ հույսեր է կապում եւ անհամբերությամբ սպասում է այն օրվան, երբ այնտեղ կսկսի իր բուժումը: Իհարկե, հիմա նա ժամանակ չի կորցնում, եւ փորձում է իր հնարավորությունների սահմաններում աշխատել իր վրա: «Իմ տղան լավ է տրամադրված, նա շատ է աշխատում եւ մեծ հույսեր ունի, որ կարող է վերականգնվել»,- նշեց վիրավոր զինվորի մայրը: «Գերմանացի բժիշկները, ծանոթանալով Ռուբենի փաստաթղթերին, ասել են, որ բացառված չէ ընդհուպ մինչեւ 70 տոկոս վերականգնումը: Ռուբենին մերսող հայ բժիշկը նույնպես ասում է, որ հույս կա. նա վստահ չէ, որ Ռուբենի ողնուղեղն ամբողջությամբ է կտրված, քանի որ պրոցեդուրաների ժամանակ նյարդային համակարգից ազդակներ է զգում: Անգամ եթե Գերմանիայում բուժումը 100 տոկոսով չվերականգնի Ռուբենին, նա առնվազն կարող է ավելի ինքնուրույն կյանք վարել, քան հիմա«,-ասաց մայրը:
