Ընդունված բանաձեւը բխում էր Գերմանիայի շահերից. Հայկ Մարտիրոսյան
Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտաարրեց,որ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը Գերմանիայի ներքին շահերից բխող որոշում էր: «Հայերի համար երբեք ոչ մեկը ոչինչ չի արել, ինչո՞ւ դա արվեց ապրիլի 24-ից հետո, քանի որ Գերմանիայի համար պահը հասունացել էր հիմա, Գերմանիային հիմա էր դա հարկավոր: Գերմանիան ընդունեց Հայոց ցեղասպանությունը, որպեսզի հայերը հրճվանքով շնորհակալություն հայտնեն, իսկ Թուրքիան էլ զգաստանա: Կարծում եմ, որ ճանաչումը շարունակություն չունենա, այն կտա մեզ միայն մի քանի օրվա հաճույք: Բանաձեւում կան մի շարք անընդունելի կետեր, որոնց հետ ես համաձայն չեմ: Ցեղասպանություն բառը մի քանի տեղ է օգտագործվում, մնացած տեղերում օգտագործվում է «մասսայական ոչնչացում» բառը: Ըստ էության խուսափում են այդ բառն օգտագործելուց: Բանաձեւում խոսվում է հայերի եւ այլ քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության մասին, քրիստոնյա բառը վտանգավոր ձեւ է ստանում այստեղ: Հայաստանում եւս ոմանք կարծում են, որ ցեղասպանությունը կատարվեց, որովհետեւ հայերը քրիստոնյա էին, չկա այդպիսի բան, էթնիկ զտման համար է կատարվել այն՝ Թուրքիայի տարածքից հայերին հեռացնելու համար: Սա վտանգավոր է հայերին մահմեդական աշխարհի հետ հակասության մեջ դնելու առումով: Բունդեսթագն այսպիսի բաց պետք է թույլ չտար»,-ասաց նա: Քաղաքագետի խոսքով, շատ վատ դրույթ է այն, որ վերջին հատվածում ասվում է՝ պետք է Թուրքիայի կողմից խթանվի հայկական հուշարձանների վերականգման աշխատանքը: «Կարելի է եզրակացնել, որ Գերմանիան կուլ է տվել Թուրքիայի այն խայծը, իբր սկսել է հայկական հուշարձանների վերականգնումը: Մենք շատ անընդունելի բան ենք արել, որ ստորագրել ենք այդ արձանագրությունների տակ, շատ սխալ ենք արել, որ հետ չենք կանչել, բայց Բունդեսթագն էլ պետք է չուղղորդվեր մեր բաց թողնված քաղաքականությամբ: Սարսափելի կետերից է այն, որ այսօրվա Թուրքիան պատասխանատվություն չի կրում ցեղասպանության համար, այսինքն ազատում են նրանց պատասխանատվությունից»,-ընդգծեց Մարտիրոսյանը:
