Միջադեպ Բունդեսթագի առջեւ թուրք լրագրողի եւ բանաձեւը ողջունող ակտիվիստների միջեւ
Բունդեսթագի առջեւ հունիսի 2-ին ընդունված Ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւից հետո միջադեպ է տեղի ունեցել թուրք լրագրողի եւ Բունդեսթագի որոշումը ողջունող ակտիվիստների միջեւ: Այս մասին հայտնում է Süddeutsche Zeitung-ը: Ակտիվիստները Հայաստանի, Հունաստանի եւ PKK-ի դրոշներով հավաքվել էին Բունդեսթագի առջեւ: Ամեն բան խաղաղ էր ընթանում, մինչեւ թուրք լրագրողների նկարահանող խմբի հայտնվելը, գրում է թերթը: Թուրք լրագրողները իրադարձությունների վայրից ռեպորտաժ էին պատրաստում, որի ընթացքում վիրավորական արտահայտություններ են թույլ տվել քուրդ ակտիվիստ կանանց հասցեին: Թերթի տեղեկություններով՝ թուրք լրագրողը, ձեռքը պարզել է հավաքված քուրդ կանանց ուղղությամբ եւ ասել. «Ահա այստեղ հավաքվել են PKK-ի պոռնիկները»: «Նա ինձ PKK-ի քած անվանեց»,- Süddeutsche Zeitung-ին ասել է քուրդ կանանցից մեկը: Դրանից հետո նա մոտեցել է լրագրողին, բղավել նրա վրա, ինչի պատճառով քաշքշուկ է առաջացել: Ոստիկանության միջամտությունից հետո ամեն բան հանդարտվել է: Իսկ քուրդ կինը անձը վիրավորելու համար բողոք է ներկայացրել թուրք լրագրողի դեմ:
